Կարևոր իրադարձություններ

Շահումով խաղերի ոլորտում պահանջները խախտելու դեպքում` 200 հազար դրամ տուգանք

04 Հուլիս, 2022 16:25
Շահումով խաղերի ոլորտում պահանջները խախտելու դեպքում` 200 հազար դրամ տուգանք

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Նախագծի նպատակն է հարկային մարմնին հնարավորություն ընձեռել, որպեսզի ընթացիկ հսկողության գործիքակազմով (մասնավորապես, հսկիչ գնման ուսումնասիրությամբ) պատշաճ հսկողություն սահմանվի նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքերի նկատմամբ, ինչպես նաև հնարավորություն նախատեսել շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչների կողմից խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջները խախտելու դեպքում կիրառել պատասխանատվության միջոց:

Սահմանվում է 200 հազար դրամ տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները, բացահայտումը և կանխարգելումը կատարել հարկային վարչարարության ընթացիկ հսկողության գործիքակազմով, շտկել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում առկա վրիպակը:

Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են ոլորտի խնդիրներին:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները օրենսդրական փաթեթին տվել են դրական եզրակացություն:

 

Լրահոս

Դիտել ավելին