Կարևոր իրադարձություններ

Խթանիչ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է COVID-19-ից. ԱՆ առաջին տեղակալ

01 Հուլիս, 2022 20:52
Խթանիչ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է COVID-19-ից. ԱՆ առաջին տեղակալ
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» ստացել են COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափը:
 
Լենա Նանուշյանը կրկին ընդգծել է պատվաստման գործընթացի կարևորությունը, հատկապես` ռիսկի խմբերի, այդ թվում` 65 և ավելի տարիքի անձանց շրջանում:
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակն ու ցուցանիշների աճի միտումը ողջ աշխարհում` նախարարի առաջին տեղակալը կոչ է արել պատվաստվել` ժամանակին ստանալով բոլոր դեղաչափերը:
 
«Պատվաստման նպատակն ավելի անվտանգ պայմաններում ապրելն ու աշխատելն է։ Վերջին ժամանակաշրջանում եվրոպական երկրներում նկատվում է հիվանդության ցուցանիշների ակտիվացում։ Մենք, գնահատելով բոլոր ռիսկերը, շարունակում ենք մեր քարոզարշավը` կոչ անելով պատվաստվել, ժամանակին ստանալ պատվաստումների բոլոր դեղաչափերը` դիմակայելու համար սպասվող նոր ալիքին», - ասել է Լենա Նանուշյանը:
 
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս անդրադարձել է խթանիչ դեղաչափով պատվաստվելու անհրաժեշտությանը. «Ամբողջ աշխարհում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճ, և չի բացառվում, որ համավարակի նոր ալիքը կհասնի նաև Հայաստան։ Դրանով է պայմանավորված, որ ես պատվաստվեցի խթանիչ դեղաչափով` պաշտպանելու իմ գործընկերներին», - նշել է Անդրեա Վիկտորինը։
 
ԱՆ-ից հիշեցնում են` COVID-19-ի դեմ պատվաստումն անվճար է, անվտանգ ու հասանելի մեր բնակչությանը: Այն նվազեցնում է հիվանդացության ծանր դեպքերը և մահվան ելքերը:
 

Լրահոս

Դիտել ավելին