Կարևոր իրադարձություններ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կիսաեզրափակչում է

01 Հուլիս, 2022 15:46
Հայաստանի բասկետբոլի հավաքականը կիսաեզրափակչում է

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում երկրորդ հաղթանակն է տոնել։Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Երկրորդ տուրում Հայաստանը մրցել է Սան Մարինոյի հավաքականի հետ՝ առավելության հասնելով 78:66 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 25 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորած Հայաստանի թիմն առաջին տուրում 100։63 հաշվով պարտության էր մատնել Ջիբրալթարի հավաքականին։

Հայաստանի հավաքականը B խմբում գրավել է առաջին տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որը տեղի է ունենալու հուլիսի 2-ին։

Մրցակիցը հայտնի կդառնա A խմբի երկրորդ տեղը և B խմբի երրորդ տեղը գրաված (Ջիբրալթար) թիմերի պայքարում։

A խմբում ընդգրկված են Անդորրայի, Մալթայի և Ադրբեջանի հավաքականները:

 

Լրահոս

Դիտել ավելին