Կարևոր իրադարձություններ

Նեմանյա Ստարովիչը ՀՀ ԲՏԱ նախարարին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի սերբիական փորձը

30 Հունիս, 2022 19:59
Նեմանյա Ստարովիչը ՀՀ ԲՏԱ նախարարին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի սերբիական փորձը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 29-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության պատվիրակությանը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի գլխավորությամբ։

 
Հանդիպմանը մասնակցել է նաև Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։
 
Կողմերը փոխադարձ ներկայացրել են տեխնոլոգիական ոլորտի իրենց ձեռքբերումներն ու իրականացվող ծրագրերը, նախանշել երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։
 
Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նախարարության գործունեությանը և իրականացվող աշխատանքներին, ներկայացրել ՀՀ կառավարության քաղաքականությունն՝ ուղղված ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թվայնացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տեխնոլոգիական կրթությանը, տրամադրվող հարկային արտոնություններին, «Ինժեներական քաղաք» ծրագրին։
 
Նեմանյա Ստարովիչը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի սերբիական փորձը՝ առանձնացնելով թվայնացման, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տեխնոլոգիական կրթության ուղղությունները, ընդգծել արդյունաբերության մեջ տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, որում նշանակալի ձեռքբերումներ ունի Սերբիայի Հանրապետությունը։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված ոլորտների վերաբերյալ երկու երկրների միջև համագործակցության մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև վերջերս ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին արբանյակին:  
 

Լրահոս

Դիտել ավելին