Կարևոր իրադարձություններ

Արցախցին միշտ կանգուն է, պատրաստ իր հող ու ջրի համար պայքարել. «Փաստ»

30 Հունիս, 2022 09:00
Արցախցին միշտ կանգուն է, պատրաստ իր հող ու ջրի համար պայքարել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

1993-ին Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից Լիդա Սևյանի ընտանիքը տեղափոխվում է Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղ: Հենց այն ժամանակ էր, երբ հայկական զինված ուժերն ամբողջովին իրենց վերահսկողության տակ վերցրին Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի ադրբեջանական վերջին հենակետը՝ Թարթառ գետի աջ ափին՝ շուրջ 900 մետր բարձրության վրա գտնվող Չարեքթարը։ Պատերազմից հետո Չարեքթարի մասին շատ է խոսվել: 2020-ի նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանի մեծ մասը հանձնելուց առաջ գյուղի 48 տղամարդ ամրացել է գյուղում՝ հրաժարվելով հանձնել գյուղը։

Նրանցից ազատամարտիկ Աշոտ Սևյանը հայտարարել է, որ չեն ենթարկվելու գյուղն Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու որոշման հետ և պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը կռվել և զոհվել գյուղի համար: Այսօր Չարեքթարը Քարվաճառի շրջանի միակ գյուղն է, որը գտնվում է մեր վերահսկողության ներքո, բայց Չարեքթարի բնակչությունը 2020-ին տարհանվել ու մինչ օրս գյուղ այդպես էլ չի վերադարձել, որովհետև, բնակիչների խոսքով, թուրքերը 100 մետր հեռավորության վրա ազատ շրջում են ու խաղաղ բնակիչն իրենց համար թիրախ է: 2020-ին Լիդա Սևյանի ընտանիքը ևս տարհանվել է ու այսօր կրկին ապրում է Վաղուհասում:

«Ես Վաղուհասի հարս եմ եղել: 1994-ից ապրել ենք Չարեքթարում, ու ամեն ինչ շատ լավ էր: Քարվաճառը վերաբնակեցման գոտի է եղել, ժողովուրդը շատ է եղել, ամեն տեղից բնակիչներ են եղել, բայց 2020-ի պատերազմով, առանց որևիցե մի կրակոցի, առանց որևիցե մի բանի ցրեցին ժողովրդին, մի ստորագրությունով Քարվաճառի շրջանը նվիրատվություն արեցին Ադրբեջանին, ժողովրդին էլ ցաք ու ցրիվ թողին: Ու մենք մեր ընտանիքով՝ 2 տղաս, իրենց երեխաները, կանայք, ես ու ամուսինս նորից տեղափոխվել ենք Վաղուսահ ու ապրում ենք այստեղ:

Ամուսինս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է Վաղուհասի ջոկատի հրամանատարը, մասնակցել Քարվաճառի ազատագրմանը, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի գործողություններին: Էն ժամանակ հաղթանակներ են տարել: Հիմա էդ հաղթանակները ոնց որ հօդս ցնդեն… Մեր կորուստները, մեր հաղթանակները, ոնց որ էդ ամենը չէր եղել, չկար…»: Լիդա Սևյանն ասում է՝ Արցախի մի գյուղից մյուսը կտեղափոխվեն, բայց Արցախից հեռանալ չեն պատրաստվում»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին