Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ-ների մեծ մասը արագության գերազանցման հետևանք է․ «Ճանապարհային դեպարտամենտ»

28 Հունիս, 2022 10:23
ՃՏՊ-ների մեծ մասը արագության գերազանցման հետևանք է․ «Ճանապարհային դեպարտամենտ»

Ամեն օր հաղորդագրություններ ենք կարդում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) մասին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց մեծ մասը երթևեկության արագության գերազանցման հետևանք են։ Կարևոր է հիշել, որ արագության անգամ մեկ տոկոսով ավելացումը չորս տոկոսով բարձրացնում է մահացության ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը։

Ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ աշխատանքներ է տանում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Մասնավորապես, գործում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված դրամաշնորհի միջոցով։

Ծրագրի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում հանրապետության ճանապարհների շուրջ 40 վթարավտանգ կետերի վերացման ուղղությամբ՝ կատարելով ենթակառուցվածքների բարելավման, անվտանգության տարրերով ճանապարհների կահավորման աշխատանքներ։

Ծրագրի գործունեության 2 տարիների ընթացքում անվտանգության բարելավման աշխատանքներ են կատարվել 18 վթարավտանգ կետերում։ Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ճանապարհների ևս 3 վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներն ընթացքում են։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում հայտարարվել են նաև մի շարք վթարավտանգ հատվածների բարելավման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթներ։

Ճանապարհային դեպարտամենտում գործում է նաև ճանապարհների անվտանգության ծառայություն, որտեղ աշխատող անվտանգության ինժեներները վերլուծում են ՃՏՊ-ները, հայտնաբերում վթարավտանգ հատվածները, ուսումնասիրում են նորոգվող ճանապարհների նախագծերը, դիտարկում դրանցում առկա անվտանգության տարրերի համապատասխանությունը ճանապարհային անվտանգության նորմերին, ինչպես նաև կատարում են անվտանգության բարելավման միջոցառումներ։

Տարվող աշխատանքները նպատակ ունեն կանխելու ճանապարհատրանսպորտային պատահարների աճը։ Չնայած այս ամենին՝ ՃՏՊ-ների կանխման գործում մեծ տեղ ունի նաև վարորդների և հետիոտնի պատասխանատու վարքագիծը, երթևեկության կանոնների նկատմամբ հարգանքի սերմանումը և ազդանշանային համակարգի բարելավումը՝ որպես կյանքեր փրկելու և ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոց:

 

Լրահոս

Դիտել ավելին