Կարևոր իրադարձություններ

Երգչախմբային արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է արժևորել այն. «Փաստ»

28 Հունիս, 2022 09:11
Երգչախմբային արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է արժևորել այն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» իր էջերում պարբերաբար անդրադառնում է մեր երկրում գործող երգչախմբերին, դրանց ստեղծման պատմությանը, գործունեությանը, իհարկե, նաև հոգսերին: Այս անգամ զրուցել ենք «Կամերտոն» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դավիթ Սարգսյանի հետ: Ի տարբերություն մեր ներկայացրած բազմաթիվ երգչախմբերի, «Կամերտոնի» պատմությունը նոր է, սկսվել է չորս տարի առաջ:

«Երգչախումբը ձևավորվել է 2018 թ.-ի հունիսին։ Գաղափարը և նախաձեռնությունն իմն էին։ Ստեղծվեց երաժիշտներից բաղկացած խումբ՝ թվով 12 հոգի։ Բոլորը աղջիկներ էին և ունեին երաժշտական կրթություն։ Ըստ այդմ, ձևավորվեց կանանց միասեռ կամերային երգչախումբ, և իմ առաջարկով բոլորի հավանությանն արժանացավ «Կամերտոն» անվանումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթը։

Հետո, իր խոսքերով, սկսվել են բուռն, քրտնաջան ու սիստեմատիկ պարապմունքները։ «Առջևում Կոմիտասի 150 ամյակն էր, մեր դաշնակահար և նվագակցող Վահագն Մարգարյանի օգնությամբ գրեցինք դրամաշնորհային ծրագիր՝ «Կոմիտաս 150» խորագրով, որը հավանության արժանացավ, և ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ Կոտայքի մարզի խոշոր քաղաքներում կազմակերպվեցին համերգներ: Այն ներառում էր միայն Կոմիտասի խմբերգերը և մշակումներ դաշնամուրի համար։ Համերգները տեղի ունեցան Հրազդան, Աբովյան, Քանաքեռավան և Չարենցավան համայնքներում ու հաջողությամբ պսակվեցին։ Ծրագրի նպատակներից էին պրոպագանդել և ծանոթացնել Կոմիտասի խմբերգերին, զարգացնել մշակութային կյանքը Չարենցավան քաղաքում»,նշում է մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ երգչախումբը համագործակցում է Հայ երգչախմբային ասոցիացիայի, «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ, մասնակցել է Եվրոպական երգչախմբային օրերին նվիրված համերգներին։ Ոչ մեկ անգամ ենք բարձրաձայնել այն մասին, որ ցանկացած նախաձեռնության մեջ կարևոր դեր ունեն նաև ֆինանսական միջոցները, որովհետև լինի դա ստեղծագործական խումբ, թե բիզնես նախագիծ, այն իրականացնելու, հետո դրա գործունեությունը շարունակական դարձնելու համար գումար է անհրաժեշտ: Սարգսյանն ասում է՝ երգչախումբը պետության կողմից չի ֆինանսավորվել, շեշտը դրվել է դրամաշնորհային ծրագրերի վրա»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին