Կարևոր իրադարձություններ

Վաղուհասում շատ երեխաներ ունենալն ավանդույթ է. «Փաստ»

25 Հունիս, 2022 08:40
Վաղուհասում շատ երեխաներ ունենալն ավանդույթ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում 650 բնակիչ կա, որից 230-ը երեխաներ են: Գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարա Բալայանը Մարտունու Գիշի գյուղից է հարս եկել Վաղուհաս: Երկրորդ երեխային սպասող Նարա Բալայանի խոսքով, շատ երեխաներ ունենալը գյուղի հին ավանդույթներից է: «Երեխաներ ունենալը վաղուհասցիների հայրենասիրության դրսևորումներից մեկն է: Ու չնայած գյուղում այդքան շատ երեխաներ ունենք, բայց նրանք խաղահրապարակ ու գրադարան չունեին: Պատերազմից հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները եկան գյուղ: Մեր դպրոցի տնօրենին առաջարկեցին երեխաների հետ առաջնորդության դասընթացներ անցկացնել, սովորեցնել երեխաներին նախագծեր պատրաստել՝ հաշվի առնելով գյուղի հնարավորությունները: Այդ ժամանակ ինձ առաջարկեցին լինել իրենց առաջնորդ-ուսուցչուհին, որպեսզի սովորեցնենք երեխաներին նախագիծ ստեղծել: Ոսումնասիրեցինք մեր հնարավորություններն ու այն, թե ինչ փոփոխություն կարող ենք բերել գյուղում: Երեխաները պետք է հասկանան, որ ամեն համայնք մեծ հնարավորություններ ունի, որ իրենք են հենց այն ներուժը, որի բերած փոփոխությունների միջոցով գյուղի կյանքն ավելի հետաքրքիր կդառնա»,-ընդգծեց Նարա Բալայանը:

 
Նրա խոսքով, երբ հերթը հասավ արդեն գաղափարներ ներկայացնելու փուլին, երեխաներն ասացին, որ ազատ ժամանակն օգտագործելու և ընկերների հետ շփվելու տեղ չունեն: «Երեխաների հետ մտածեցինք, որ կարելի է խաղահրապարակ կառուցել: Սկզբից գյուղում լուրջ չէին վերաբերվում նախագծին, ասում էին՝ գիտե՞ք՝ ինչ ծախսերի հետ է կապված, ասում էին՝ դա ձեզ համար պարզապես երազանք է: Բայց ես երեխաներին ոգեշնչեցի, ասացի, որ յուրաքանչյուր երազանք կարող է իրականություն դառնալ: Մեր առաջ նպատակ դրեցինք ու սկսեցինք իրագործել այն, որպեսզի երեխաները չկոտրվեն, հավատան, որ կարող են փոփոխություններ բերել:

Նախագծը կյանքի կոչելու համար սկսեցինք տարբեր հիմնադրամներով հետաքրքրվել, ու պատահական տեղեկացա «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի մասին: Դիմեցի իրենց, և հարթակում մեր ծրագիրը ներկայացվեց դրամահավաքի, 2 ամսում շուրջ 7 մլն դրամ հավաքվեց: Այսօր խաղահրապարակն արդեն գրեթե իրականություն է՝ վերջնական փուլին է հասել»,-շեշտեց Նարա Բալայանը: Խաղահրապարակի կառուցման աշխատանքներն արդեն իրենց ավարտին են հասել, իսկ գրադարանինն ընթացքի մեջ է: «ռեԱրմենիա»-ի հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինե Մկրտչյանի խոսքով էլ, Վաղուհասի նախագիծն իրենց համար հետաքրքիր է ու խորհրդանշական: «Դրամահավաքի շրջանակներում հետաքրքիրն այն էր, որ 650 հոգանոց գյուղի խաղահրապարակի կառուցման համար հայտարարված դրամահավաքին շուրջ 600 մարդ է հանգանակություն արել: Ինչ վերաբերում է գրադարանին, ապա արդեն ավելի քան 900 գիրք է հավաքվել: Երբ նախագիծն սկսեց տարածվել, ու մարդիկ սկսեցին գրքեր ուղարկել, հանգանակություն անել, մի մարդ կապվեց մեզ հետ, որն Արցախյան առաջին պատերազմի տարիներին Վաղուհասի պաշտպանության հրամանատարն է եղել: Նա հիմա հաշմանդամություն ունի, Երևանում է ապրում: Նա իր ամբողջ գրադարանը նվիրեց Վաղուհասին: 

Այստեղ շատ ուշագրավ էր նաև այն, որ նախագծի հեղինակները երեխաներն են՝ իրենց ուսուցչի հետ: Այս տեսանկյունից ուզում եմ բոլորը տեսնեն, որ «ռեԱրմենիա»-ն հարթակ է, ուր յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր համայնքի, բակի, շրջանի խնդիրը բարձրաձայնել ու այն լուծելու համախոհներ գտնել: Եթե կան մարդիկ, ովքեր իրենց գյուղում, շրջանում կամ բակում ինչ-որ խնդիր են տեսնում ու մտածում են, որ այն անհապաղ պետք է լուծել, կարող են պարզապես մուտք գործել «ռեԱրմենիա» հարթակ, բացել նախագիծ ու գտնել մարդկանց, ովքեր հոգատար են, կմիանան իրենց ու միասնական ուժի շնորհիվ ուրախություն կբերեն իրենց գյուղ, շրջան կամ բակ»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին