Կարևոր իրադարձություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին. Ուլիխանյան

24 Հունիս, 2022 14:27
Հեղինակ՝ Տիգրան Ուլիխանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին. Ուլիխանյան

2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանը՝ նշելով, որ որոշումն ընդունել է դեռևս մայիսի 4-ին, սակայն փաստաթղթավորման գործընթացը չէր սկսել, որպեսզի դա որևէ կերպ և ոչ մեկի կողմից չփոխկապակցվի հայտնի ներքաղաքական գործընթացների հետ։

«Պատճառը շատ պարզ է։ Իմ պատկերացմամբ՝ քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները և հավակնությունները իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները։ Հետևաբար այդ նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեմ այլ հարթակ։

Ստեղծման օրվանից ՔՊ կուսակցության հետ անցել եմ կարևոր ու հետաքրքիր քաղաքական ճանապարհ։ Այդ տարիների համատեղ անցած ճանապարհի և ընձեռված հնարավորությունների համար շնորհակալություն եմ հայտնում ՔՊ կուսակցության նախկին գործընկերներիս, ՔՊ վարչության անդամներին՝ ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՔՊ կուսակցությանը հաջողություն եմ մաղթում»,- գրել է Ուլիխանյանը

Հիշեցնենք՝ նա 2019-2020 թթ. ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով:

2020-ից ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալն էր, այնուհետև՝ ծառայության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարողը, իսկ 2021 թվականի հունվարի 15-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, այդ պաշտոնից նա ազատվել էր մի քանի ամիս անց՝ նույն տարվա դեկտեմբերին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին