Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ նախապատրաստական դասընթացներին կարող են մասնակցել և՛ տեղացիները, և՛ օտարերկրացիները. «Փաստ»

23 Հունիս, 2022 09:31
ԵՊՀ նախապատրաստական դասընթացներին կարող են մասնակցել և՛ տեղացիները, և՛ օտարերկրացիները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երևանի պետական համալսարանում գործում են նախապատրաստական դասընթացներ, որոնք միտված են դիմորդներին և աշակերտներին բուհ ընդունվելու համար նախապատրաստելուն: Դասընթացների բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշալույս Գալստյանն ասում է` ժամանակին համալսարանն ուներ զրո կուրս, որը բովանդակային առումով նույնն էր, ինչ այս դասընթացները:

«Վերջին 15-20 տարվա ընթացքում Հայաստանում ընդունելության քննությունները միասնական դարձան, կազմակերպվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Այդ ժամանակվանից սկսած համալսարանում արդեն կազմակերպվել են նախապատրաստական դասընթացներ: Որքան հիշում եմ, գոնե վերջին երեսուն տարում ԵՊՀ-ն այդ դասընթացներն ունեցել է, ուղղակի այս տարիների ընթացքում որոշակի կազմակերպչա-իրավական ձևափոխումներ են եղել, որոնք պայմանավորված են եղել դիմորդների` ընդունելության քննություններին մասնակցելու ձևաչափի փոփոխությամբ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Ընդգծում է` նախապատրաստական դասընթացներին գրանցվում են ավարտական դասարանների աշակերտներ և արդեն դպրոցն ավարտած շրջանավարտներ, բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեն հաջորդ ուստարում դիմելու բուհերի համապատասխան մասնագիտություններով: «Ըստ էության` դասընթացները նույն պարապմունքներն են, որոնք դիմորդը նախընտրում է կրկնուսույցի, ուսուցչի, դասախոսի մոտ պարապելուց: Պարզապես այս դեպքում դրանք անհամեմատ ավելի մատչելի են, կազմակերպվում են ԵՊՀ-ում, այստեղ է կատարվում նաև վճարումը: Ապագա ուսանողների հետ պարապում են ԵՊՀ այն դասախոսները, որոնք դիմորդների հետ աշխատելու փորձ ունեն, ներգրավված են շտեմարանների կազմման աշխատանքներում, ծանոթ են ընդունելության կարգերին, այլ կերպ ասած` գրանցվելով նախապատրաստական դասընթացներին, դիմորդը հոկտեմբերի մեկից մինչև մայիսի 31-ը ԵՊՀ-ում հանրակրթական իր նախընտրած առարկայի ընդունելության ծրագիրն ուսումնասիրում է ամբողջությամբ` պատրաստ լինելով արդեն հունիսին կազմակերպվող միասնական քննություններին: Յուրաքանչյուր առարկայից դիմորդը շաբաթական մասնակցում է երկու պարապմունքի` յուրաքանչյուրը մեկ ժամ 30 րոպե տևողությամբ: Մեզ մոտ հիմնականում գրանցվում են մայրաքաղաքի և հարակից շրջանների դիմորդներ, ուստի դասերը կազմակերպվում են ժամը երեքից վեցի միջակայքում, որպեսզի նրանք դպրոցից հետո կարողանան մասնակցել պարապմունքներին»,-նշում է մեր զրուցակիցը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին