Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԲՏԱ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել

22 Հունիս, 2022 21:30
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԲՏԱ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 12-15-ը պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում:  Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից։

 
Պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 14-ին նախարարը հանդիպել է Ֆրանսիայի «Université Paris-Saclay» համալսարանի գիտական և ճարտարագիտական հետազոտությունների գծով փոխնախագահ Միշել Գիդալի հետ: Կազմակերպվել է շրջայց  «Soleil» գիտահետազոտական լաբորատորիայի տարածքով, որի ընթացքում լաբորատորիայի գլխավոր տնօրեն Ժան Դելանը ներկայացրել է լաբորատորիայի գործունեությունը:
 
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, ոլորտի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը։
 
Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է նաև աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստեր «Station F» ընկերություն, որտեղ  հանդիպել է Ռազմավարական ծրագրերի և հաղորդակցության բաժնի ղեկավար Գրեգորի Մարտինեսի հետ: Քննարկվել են նորարարության, տնտեսական հզորացման, նորաստեղծ էկոհամակարգերի աճին և արդյունավետության խթանմանն ուղղված մի շարք հարցեր: Միաժամանակ ընդգծվել է երկու պետությունների ձեռնարկությունների միջև գործընկերային կապերի հաստատման,  համագործակցության, ինչպես նաև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: 
 
Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման կարևորությունը, վենչուրային կապիտալի ֆոնդի ձևավորման և գործունեության իրականացման  նպատակով կատարվող աշխատանքները, ստարտափ նախաձեռնությունների խթանման ու էկոհամակարգի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերն ու օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են դյուրացնելու Հայաստանում ոլորտային արտադրանքի ձևավորումը:
 
Ֆրանսիական կողմը հետաքրքրություն է  հայտնել հայկական ստարտափների, աքսելերատոր ծրագրերի և հետազոտությունների վերաբերյալ, առաջարկել հայկական ստարտափներին ներառել իրենց կողմից ստեղծված ֆոնդերի և ֆինանսավորվող նախագծերի մեջ, ակտիվացնել ոլորտային համագործակցությունը: Տեղի է ունեցել նաև շրջայց՝  կենտրոնի տարածքով, որի ընթացքում նախարարին է  ներկայացվել մանրամասներ ընկերության գործունեության վերաբերյալ:
 
Այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին