Կարևոր իրադարձություններ

Կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել է նախկին ամուսինը

20 Հունիս, 2022 14:40
Կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել է նախկին ամուսինը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:

Երևան քաղաքի 49-ամյա բնակչուհու՝ «աջ ենթաանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ին:

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժած կնոջ նախկին ամուսինն է` Արարատի մարզի 50-ամյա բնակիչ:

Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, վերջինս, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում  գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտեցել է նախկին կնոջը, վիճաբանել կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով, նախապես իր հետ վերցրած դանակով, հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կտրած-ծակած թափանցող վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել՝ կնոջ ծանոթի միջամտության շնորհիվ, և հանցագործության գործիք հանդիսացող դանակը թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին