Կարևոր իրադարձություններ

Հանքարդյունաբերողների խոստումներին բնակիչներն այլևս չեն հավատում. «Փաստ»

18 Հունիս, 2022 08:16
Հանքարդյունաբերողների խոստումներին բնակիչներն այլևս չեն հավատում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հունիսի 15-ին Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում հանրային լսում էր կազմակերպել «Էմ ջի փի ռեսուրսիզ» ՍՊԸ-ն: Հանրային լսումը տապալվեց: Մարց, Քարինջ, Ահնիձոր և Լորուտ գյուղերի բնակիչները նշեցին՝ դեմ են, որ ընկերությունը Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնի: Կազմվեց համապատասխան արձանագրություն՝ Մարց բնակավայրի վարչական ղեկավար Արեն Ղազարյանի ստորագրությամբ:

«ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչները (մասնակցությամբ Քարինջ, Ահնիձոր, Լորուտ գյուղերի բնակիչների) մերժեցին վարչական ղեկավարի նստավայրում 15.06.22ի ժամը 13:00-ին «Էմ ջի փի ռեսուրսիզ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Մարց գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային առաջին լսումը: Շեշտում ենք, որ հանրային լսմանը մասնակցեց 220 մարդ, որոնք էլ դեմ լինելով Մոտկորի ձորում (Մարց գետի ավազանում) հանքարդյունաբերության զարգացմանը, տապալեցին, մերժեցին հանրային լսումը՝ միակամ լքելով դահլիճը»,- նշված է արձանագրության մեջ, որի լուսանկարը հրապարակվել է լրատվամիջոցներում:

Հետաքրքրական է, որ վերջին շրջանում տարբեր համայնքներում հանքավայրերի հնարավոր շահագործման թեմայով կազմակերպված հանրային լսումները տապալվում են: Մարդիկ ոչինչ չեն ուզում լսել հանքերի շահագործման մասին: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է՝ Հայաստանում անպատասխանատու հանքարդյունաբերությունը բազում վառ օրինակներ ունի: «Այդ է պատճառը, որ հիմա ուր որ հանքարդյունաբերողը գնա թեկուզ միայն ուսումնասիրություն անելու նպատակով, հետո, ասենք, միլիոններ խոստանա հանքավայրի շահագործման պարագայում, իրեն ոչ ոք չի հավատում: Կան բազմաթիվ օրինակներ, երբ նոր հանքավայրերի շահագործումը շատ ծանր է անդրադառնում ազդակիր համայնքների բնակչության վրա, ընդ որում՝ ոչ միայն բնապահպանական խնդիրներ են առաջանում, այլ նաև սոցիալական:

Հիմա խոսում ենք Մարցի մասին, այստեղ տեղին է հիշել Թեղուտի հանքավայրը, որը հենց նրանց կողքին է: Այնքան խոստումներ էին տրվել այս հանքավայրի շահագործման մեկնարկին, որ բնակիչները չէին ցանկանում լսել բնապահպաններին, փորձագիտական կազմակերպություններին: Փոքրամասնություն էին կազմում որոշ մարդիկ, որոնք զբաղվում էին գյուղատնտեսական լուրջ արտադրություններով, օրինակ՝ մեղրի արտադրությամբ և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Զարաֆյանը:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին