Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է դատավորների շրջանում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը միտված հայ-շվեդական համատեղ ծրագիրը

17 Հունիս, 2022 18:23
Մեկնարկել է դատավորների շրջանում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը միտված հայ-շվեդական համատեղ ծրագիրը

Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման միջոցառումների շրջանակում Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել Շվեդիայի ազգային դատարանների (SNCA) ադմինիստրացիայի հետ համագործակցության ծրագրի մեկնարկի միջոցառմանը, որին ներկա էին նաև ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։


Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի դատավորներին՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու գործընթացներում:
 
Ծրագիրը ֆինանսավորվելու է Շվեդիայի կառավարության կողմից և բաղկացած է լինելու երկու փուլից, որոնցից յուրաքանչյուրը կտևի մոտ 2 տարի:
 
Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ դատավորների շրջանում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, դատավարության կողմերի և այլոց հետ դատավորների հաղորդակցության կարողությունների զարգացումը, ԶԼՄ-ների հետ հաղորդակցության համար դատավորների կարողությունների զարգացումն, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ դատավորների հաղորդակցության վերաբերյալ իրավական շրջանակի բարելավումը:
Հաշվի առնելով Հայաստանի դատարանների գործունեության մեթոդները բարեփոխելու համակարգային մոտեցման անհրաժեշտությունը` Ծրագիրը համագործակցում է երկու պիլոտային դատարանների հետ /Վանաձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Էրեբունու նստավայր/՝ ներկայիս իրավիճակի խոր ուսումնասիրության և կոնկրետ ոլորտների զարգացման վերաբերյալ բաց քննարկումների համար:
Իր ելույթի շրջանակում, արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ծրագրի հետապնդած նպատակները համընկնում են ՀՀ ԱՆ գործունեության ռազմավարական նպատակներին, որոնք ամրագրված են ինչպես Դատաիրավական, այնպես էլ Հակակոռուպցիոն ռազմավարություններում:
Փոխնախարարը նշել է, որ Շվեդիայի դատարանները վերջին տասնամյակներում անցել են դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված մի շարք բարեփոխումների շղթայով: Այս բարեփոխումներն իրենց մեջ ներառել են դատավորների կարողությունների զարգացում ԶԼՄ-ների հետ պրոակտիվ հաղորդակցության համար, դատավորների կողմից ընկալելի որոշումների և վճիռների կայացում, կողմերի հետ դատավորների հաղորդակցության բարելավում:
Ըստ այդմ՝ Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ ծրագիրը հարթակ կհանդիսանա լավագույն փորձի փոխանակման համար և կտա իր շոշափելի արդյունքը:

 

Լրահոս

Դիտել ավելին