Կարևոր իրադարձություններ

Ամարասի վանքը շարունակում է իր առաքելությունը. «Հրապարակ»

17 Հունիս, 2022 09:05
Ամարասի վանքը շարունակում է իր առաքելությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում կանգնած, 4-րդ դարին թվագրվող Ամարասի վանքը վերականգնվում է։ 2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վերականգնման ծրագիրը բաղկացած է 3 փուլից եւ իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացվում են «Լույս» հիմնադրամի եւ վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ չնայած Ամարասում վերականգնման աշխատանքներ են ընթանում, ավարտվել է պարիսպների, խցերի վերանորոգումը, բայց վանքը գործում է. «Ամարասը շարունակում է իր առաքելությունը, մեր հոգեւորականներն ու շինարարներն այնտեղ են, ժողովուրդը՝ նույնպես, թութը հասել է, բոլորը տեղում են, մինչեւ 2023-ը շինարարությունն էլ ավարտին պետք է հասցվի։

Այցելություններն Ամարաս այս ընթացքում չեն նվազել։ «Ժողովրդի ցանկությունից է, մենք որեւէ մեկին չենք հորդորում, մարդիկ արդեն գիտեն, որ ամեն կիրակի Ամարասում պատարագ է, ժամերգություններ են լինում, եւ ո՛չ զանգում են, ո՛չ էլ հետաքրքրվում են, որովհետեւ գիտեն՝ Ամարասը գործում է լիարժեք, եւ իրենք էլ իրենց քայլերն ուղղում են դեպի Ամարաս,- ասում է Տեր Վրթանեսն ու ընդգծում, որ անվտանգային առումով որեւէ խնդիր կամ խոչընդոտ չկա։- Անվտանգային առումով նորմալ է, հանգիստ է, մեր զորքն այնտեղ է, հենակետերում մեր տղաներն են, բացառությամբ նրա, որ մի փոքրիկ հեռավորության վրա տեսանելի է իրենց դրոշը, բայց ֆիզիկական անձինք չեն երեւում»։

Ամիսներ առաջ Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշի հետ կապված՝ աղմուկ առաջացավ, որն ադրբեջանական կողմը պահանջել էր իջեցնել։ Այս մասով Սրբազանը նկատեց. «Այդ դրոշը մենք կամ պետությունը չէր տեղադրել, այլ՝ մի անհատ, որ սիրողական տեղադրել էր դրոշը, նախ՝ ռուսականն էր, հետո՝ Արցախինը..., դա պաշտոնական մոտեցում կամ քայլ չէր դրոշի նկատմամբ։ Հետո՝ ընդհանրապես ոչ մի եկեղեցում դրոշ չեն բարձրացնում, խաչն է եկեղեցու խորհրդանիշը, եւ ընդունված է, որ եկեղեցում ոչ թե դրոշ, այլ խաչ բարձրացնել։ Դրոշները համապատասխան տեղ ունեն, եւ համապատասխան վայրում տեղադրում ենք, այսօր մեր հենակետերում դրոշները կան, ինչը ողջունելի է եւ խրախուսելի, որ բոլոր հենակետերում լինեն»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին