Կարևոր իրադարձություններ

Դոհայում ՀՀ կառավարական պատվիրակությունը ներկա է գտնվեց Հայաստանի պատմության թանգարանի ներկայացրած ցուցադրությանը

14 Հունիս, 2022 18:40
Դոհայում ՀՀ կառավարական պատվիրակությունը ներկա է գտնվեց Հայաստանի պատմության թանգարանի ներկայացրած ցուցադրությանը

Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունըԱյս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Գրադարանում Հայաստանի կառավարական պատվիրակությանը դիմավորել է գրադարանի նախագահ, պետական նախարար Համադ Բին Աբդուլազիզ Ալ-Քավարին: Վերջինիս ուղեկցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ծանոթացել է ցուցադրությանը ներկայացված ցուցանմուշներին, այնուհետև շրջայց կատարել գրադարանում: ՀՀ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։

Ցուցադրական պաստառներում ներկայացվել են հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ցուցադրությունը հայ-արաբական բազմադարյա բարեկամական կապերի ևս մեկ վկայությունն է, որը կարող է հետաքրքրել ինչպես տեղացիներին, այնպես էլ այստեղ այցելող զբոսաշրջիկներին: Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում կգործի մեկ շաբաթ։

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի ազգային թանգարան:

ՀՀ կառավարական պատվիրակության այցը Կատարի Պետություն ավարտվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին