Կարևոր իրադարձություններ

Խոշորացման արդյունքում՝ համայնքային գումարները գնում են համայնքի զարգացմանը․ Շիրակի մարզպետ

08 Հունիս, 2022 15:56
 Խոշորացման արդյունքում՝ համայնքային գումարները գնում են համայնքի զարգացմանը․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանում համայնքների խոշորացման արդյունքում ռեսուրսների տնտեսումը հնարավորություն է տվել Շիրակի մարզում համայնքային ծառայողների աշխատավարձերը բարձրացնել՝ ընդհուպ 40-50 տոկոսով:

Այս մասին մարզպետն ասել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում:

«Երբ խոշորացման գործընթացը մեկնարկում էր, Շիրակի մարզն ուներ 119 համայնք՝ 3 քաղաքային համայնք և 116 գյուղական համայնք: Նախորդ տարվա խոշորացման արդյունքում մարզը բաղկացած է 1 քաղաքից՝ Գյումրի և խոշորացված կամ միավորված 5 համայնք: Սրա արդյունքում ունենք Շիրակի մարզի դիմագծի փոփոխություն, ռեսուրսների, պետական միջոցների հավասարաչափ բաշխվածություն և վերահսկողության շատ լավ գործիքակազմ»,-ասել է մարզպետը:

Բաղդասարյանի խոսքով՝ միավորման կամ խոշորացման արդյունքում այն միջոցները, որոնք նախկինում գնացել են ապարատի պահպանմանը, այժմ գնում են ծառայությունների մատուցմանը, ենթակառուցվածքների զարգացմանը:

«Շիրակի մարզը 2021-ին 2.7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել, այս տարի գրեթե եռապատկել է՝ 7.6 մլրդ: Ըստ մարզպետի՝ դա նշանակում է, որ համայնքային գումարները գնում են համայնքի զարգացման համար:

Արդյունքում ունենք շուրջ 20 մանկապարտեզի կառուցման հայտեր, ճանապարհներ, այլ ենթակառուցվածքներ, գազաֆիկացում և այլն»,-ասել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ միավորման արդյունքում ռեսուրսների տնտեսումը հնարավորություն է տվել համայնքային ծառայողների աշխատավարձերը բարձրացնել:

«Այն մեր մարզի համայնքների պարագայում իրականացվել է, նույնիսկ բավականին մեծ չափով՝ ընդհուպ 40-50 տոկոսով: Բնականաբար, համայնքային ծառայությունը դարձել է ավելի հրապուրիչ։ Ավելացված և ուռճացված հաստիքները փոքր համայնքներում շատ ցածր գումարով անհրապուրիչ աշխատանքի էին վերածել համայնքային ծառայությունը»,-նշել է մարզպետը:

Նրա խոսքով՝ հիմա համայնքային ծառայությունն իսկապես մրցակցային է, կարող են ներգրավել երիտասարդ, ճկուն և գիտակ մասնագետների:

 

 

Լրահոս

Դիտել ավելին