Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ փոխնախարարն ընդունեց Լիտվայի դեսպանին

08 Հունիս, 2022 00:08
ՏԿԵ փոխնախարարն ընդունեց Լիտվայի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մեկնարկել է տրանսպորտի ոլորտում Լիտվայի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակներում «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագրով նախատեսված՝ փորձագիտական չորրորդ այցը։ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Հայաստան ժամանած 5 փորձագետներին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հյուրընկալել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ի լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել 2020 թ․ մեկնարկած փորձագիտական ծրագրի միջոցով հայկական կողմին ցուցաբերվող փորձագիտական արժեքավոր աջակցության համար և վստահություն է հայտնել, որ ծրագրի շարունակականությունը կնպաստի Հայաստանում տրանսպորտային ոլորտի հետագա զարգացմանը։

 

Բարձր գնահատելով ծրագրի իրագործման շուրջ հայկական կողմի դրական արձագանքը՝ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ընդգծել է Լիտվայի պատրաստակամությունը՝ աջակցելու տրանսպորտի ոլորտում ԵՄ և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կիրարկման Հայաստանի ջանքերին։

Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում եռօրյա այցի ընթացքում լիտվացի մասնագետները ՏԿԵ նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներին կներկայացնեն ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում Լիտվայի համապատասխան մարմինների լավագույն փորձն ու իրավական կարգավորումները։ Ծրագրի հիմնական նպատակն է հայկական կողմին աջակցել ԵՄ և ՀՀ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող՝ տրանսպորտի ոլորտին առնչվող դրույթների իրականացման և ԵՄ համապատասխան իրավակարգավորումներին մոտարկման ՀՀ հանձնառությանն ու ջանքերին։

 

«Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագիրը ֆինանսավորվում է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության և ժողովրդավարության խթանման ծրագրի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին