Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է ՎՏԲ-ն վարկերը տեղափոխում Հայբիզնեսբանկ (լուսանկարներ)

06 Հունիս, 2022 16:25
Հեղինակ՝ Նոննա Բարսեղյան
Ինչո՞ւ է ՎՏԲ-ն վարկերը տեղափոխում Հայբիզնեսբանկ (լուսանկարներ)

Վաղ առավոտից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները իրենց անունով սպառողական վարկերի` Հայբիզնեսբանկ տեղափոխվելու վերաբերյալ ձայնային հաղորդագրություններ են ստանում: 

ՎՏԲ-ի հաճախորդներից մեկը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան ավտոմատ զանգ է ստացել․

«Այսօր Ձեր՝ Հայբիզնեսբանկի վարկի վճարման օրն է»:

Մեր զրուզակիցը տարակուսել է, քանի որ ինքը այդ բանկում ոչ մի վարկային պարտավորություն չունի: Հետադարձ զանգ է կատարել վերոնշյալ բանկ, բայց զանգերը մնացել են անպատասխան:

Որոշ ժամանակ անց նա էլեկտրոնային հասցեին հերթական նամակն է ստանում, այս անգամ ՎՏԲ բանկից՝ հետևյալ բովանդակությամբ.

«Տեղեկացնում ենք, որ սկսած 2022 թվականի հունիսի 4-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող Ձեր վարկի վճարումները և ամբողջական սպասարկումը կիրականացվեն Հայբիզնեսբանկում: Պայմանագրի գործող պայմաններն, այդ թվում, տոկոսադրույքի չափը, վարկի ժամկետը և վարկի այլ հիմնական պայմանները մնում են անփոփոխ և պահպանում են իրենց իրավական ուժը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բնականոն հունով սպասարկել հաճախորդներին: Բանկի բոլոր մասնաճյուղերը, բանկոմատները և տերմինալները գործում են առանց սահմանափակումների, Կոնտակտային կենտրոնի աշխատակիցները 24/7 ռեժիմով տրամադրում են խորհրդատվություն առաջացած բոլոր հարցերի վերաբերյալ:

Հարգանքով՝ ՎՏԲ-Հայաստան բանկ»:

Այնուհետև, հաճախորդը նուն բովանդակությամբ SMS ստանում է արդեն անձնական հեռախոսահամարին:

Փորձեցինք կապ հաստատել ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի բաժնի հետ՝ հասկանալու՝ ինչով է պայմանավորված վարկերի տեղափոխումը իրենց բանկից այլ բանկ՝ առանց հաճախորդներին նախապես այդ մասին տեղեկացնելու, ինչպես նաև` ինչ է սպասում այն հաճախորդներին, ովքեր ունեն տան, ոսկու գրավով և այլ վարկեր:

Բանկից մեր հարցին ի պատասխան ասացին, որ վերջինիս վերաբերյալ հարցերին կպատասխանեն գրավոր հարցում ուղարկելուց հետո:

Նշենք նաև, երբ հաճախորդը մոտեցել է Հայբիզնեսբանկ վճարում կատարելու, աշխատակիցն ասել է, որ իրենք էլ զրուցակցիս պես առավոտյան են իմացել, որ իրենց հաճախորդն են:

Հ․Գ․ Գրավոր հարցման պատասխանը ստանալու դեպքում, այն կներկայացնենք ընթերցողին։

 

Լրահոս

Դիտել ավելին