Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրել է Հայաստան

25 Մայիս, 2022 20:57
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրել է Հայաստան

Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 
Նախարարը շնորհավորել է ԱՀԿ գլխավոր տնօրենին վերընտրվելու առիթով:
 
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտի առաջնահերթությունները և նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձել է առողջապահական ընդհանուր ծածկույթ ապահովելուն ուղղված աշխատանքներին, այդ թվում՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման հեռանկարներին: Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև առողջ ապրելակերպի խրախուսման ու խթանման ուղղությամբ իրականացվող քայլերին:
 
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շնորհավորել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի ընդունման կապակցությամբ և ուրախությամբ նշել, որ առաջնահերթությունները երկուստեք համընկնում են:
 
ԱՀԿ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության ջանքերն առողջապահության ոլորտը գերակա ուղղություն ճանաչելու և ոլորտի զարգացման համար ռեսուրսներ ուղղելու հարցում:

 

Նախարարը Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 5-7-ն անցկացվելիք արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին