Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ լուծված չէ․ Նիկոլ Փաշինյան

25 Մայիս, 2022 17:45
Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ լուծված չէ․ Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին: Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումը այդ առումով:

Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և դրա արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները: Դրանք արտահայտված են հրապարակայնորեն: Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ:

Խաղաղության համաձայնությունների հնարավոր համատեքստում, դուք գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները և օրակարգն այդ կապակցությամբ և ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը:

Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որոնք, իր կարծիքով կամ իր տեսակետով՝ հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանո՞վ է ստացվել կամ ճշգրիտ՝ ուրիշ քննարկման հարց է, այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և դրանց մեջ որևէ փոփոխություն չկա, մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,- ասել է Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին