Կարևոր իրադարձություններ

Գործընթացներն այլևս ոչ թե իշխանության դեմ են, այլ հանրության․ Փաշինյանն՝ ընդդիմության ակցիաների մասին

25 Մայիս, 2022 17:30
Գործընթացներն այլևս ոչ թե իշխանության դեմ են, այլ հանրության․ Փաշինյանն՝ ընդդիմության ակցիաների մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Դիմադրություն» շարժման փողոցային պայքարի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: 

«Պիտի անկեղծ ասեմ, որ իմ գնահատականով՝ իրավիճակը, որ դուք ներկայացնում եք, այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ, որովհետև հիմա մենք խոսում ենք իրականում քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին, և պետք է ասեմ, որ իր հանրային կամ թեկուզ քաղաքական նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը. այստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք, ցավոք սրտի, խցանման ավելի բարձր աստիճան»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ գործընթացը սկսվել է քաղաքական շեշտադրումներով, և Հայաստանի ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով, ակցիաներով իր ասելիքն ասել հանրությանը:

«Սովորաբար նման ակցիաների նպատակը լինում է հետևյալը՝ հանրությանը ներգրավել պրոցեսի մեջ և ձևակերպել կոնկրետ քաղաքական պահանջ, բայց հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել»,-նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ գործընթացներն այլևս ոչ թե իշխանության դեմ են, այլ հանրության:

«Դրանք ունեն հետևյալ տրամաբանությունը. եթե դուք մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ավելի շատ ձեզ համար կստեղծենք անհարմարություններ, ընդհուպ մենք նոր ռեկորդներ ունենք, երբ որ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտնի ձևակերպումներին ավելացրել են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանը կամ քաղաքացին, հայտարարում են, որ իրենք կարող են իրենց, դեռևս պարզ չէ՝ աջ թե ձախ բոթասով ապահովել Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու շաբաթական բյուջեն:

Ես նկատի ունեմ, որ այլևս քաղաքական նշանակությունը սպառված է, և տեղի ունեցողի հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է՝ թերևս վրեժ լուծելով նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար և թերևս վրեժ լուծելով այդ պրոցեսներին չմիանալու համար, բայց նաև կարծում եմ, որ մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ:

Այդ ուժը նախընտրական շրջանում կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը «մինչև քոք մաշեցնելու է». հիմա տեսնում եք, որ, չկարողանալով դա իրականացնել, հիմա այդ ուժն ինքն իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը, և, կարծում եմ, որ պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոք մաշեն»»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին