Կարևոր իրադարձություններ

ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարացնելու համար առաջարկ է ներկայացվել

25 Մայիս, 2022 12:29
ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարացնելու համար առաջարկ է ներկայացվել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը:

Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների կողմից եղել են տարբեր առաջարկներ ժամկետի երկարացման վերաբերյալ: Հնչել է առաջարկ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել մինչեւ 18 ամիս` առանց երկարացման իրավունքի: Պատգամավորները բարձրաձայնել են նաեւ քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության հարցը` մատնանշելով, որ երբեմն լինում են հարցեր, որոնց քննությունը սահմանափակված է, եւ քննիչ հանձնաժողովը չի կարողանում լիարժեք գործել:

Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ` հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ 6 ամսով: Այս կարգավորումը, ըստ Սերգեյ Բագրատյանի, խնդրահարույց է:

«2018-2021 թթ. ԱԺ-ում ձեւավորվել է 11 քննիչ հանձնաժողով, որից 5-ի ժամկետը երկարացվել է: Բոլոր հանձնաժողովներն էլ ժամկետը երկարացնելու խնդիր են ունեցել, սա ապացուցում է, որ այդ ժամկետը բավարար չէ կարեւորագույն խնդիրների լուծման համար»,- ասել է պատգամավորը:

Հեղինակն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում` առաջին «վեց ամիս» բառերը փոխարինելով «մեկ տարի» բառերով:

Պատգամավորի խոսքով` օրինագծի ընդունումը միտված է խորհրդարանական այս գործիքի լիարժեք գործարկմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմանը: Այսպիսով, առաջարկվում է հանձնաժողովի լիազորությունների ժամկետը դարձնել 1 տարի, որը կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամսով:

Հարակից զեկուցմամբ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը: Պատգամավորը հորդորել է ընդունել օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ, ապա առաջարկությունների արդյունքում հասկանալ ավելի ամբողջական լուծումներ գտնելու մեխանիզմները:

Կառավարությունն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

 

Լրահոս

Դիտել ավելին