Կարևոր իրադարձություններ

Ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովը 6 ամսվա ընթացքում մեկ դրամի թալանի դեպք չի արձանագրել․ Պապոյան

25 Մայիս, 2022 11:56
Ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովը 6 ամսվա ընթացքում մեկ դրամի թալանի դեպք չի արձանագրել․ Պապոյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը գործունեության 6 ամսում անգամ մեկ դրամ թալանի դեպք չի արձանագրել: Այս մասին ՀՀ ազգային ժողովում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Ընդդիմությունը չի գալիս աշխատանքի, անգամ չի փորձում իր նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի շրջանակում իր մատնանշած «թալանը» բացահայտել։ Քանի, որ հանձնաժողովի ղեկավարը և այն նախաձեռնող խմբակցությունը չի գալիս աշխատանքի, մենք այդպես էլ կարևոր հարցերի պատասխաններ չենք տեսնում: 6 ամիս հանձնաժողովն աշխատեց, և 6 ամսվա ընթացքում մեկ դրամի, մեկ լումայի թալանի դեպք չի արձանագրել: Չկա որևէ դեպք, եթե լիներ, հանձնաժողովի ընդդիմադիր անդամները կասեին, որ 6 ամսվա ընթացքում բացահայտել են դրամի «թալանի» դեպք»,- ասել է Պապոյանը:

Ըստ գործող ԱԺ կանոնակարգ օրենքի՝ քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը 6 ամիս է: Ընդդիմությունը, սակայն, օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով երկարաձգել դրա գործունեության ժամկետը, սակայն նախագիծը լիագումար նիստում չի քննարկվել, ընդդիմությունը խորհրդարան չի գալիս, տևական ժամանակ է, ինչ փողոցային պայքար է սկսել:

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է առաջարկել երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը:

«Մենք համաձայնել ենք, որովհետև մենք պատրաստ ենք այդ հարցում մինչև վերջ գնալ: Բայց ընդդիմությունը չի գալիս ԱԺ, չի գալիս աշխատանքի և չի փորձում այնպես անել, որ իրենց մատնանշած թալանը բացահայտվի»,- նշել է Պապոյանը:

Ըստ Պապոյանի՝ 6 ամիսը բավարար ժամանակ էր, որպեսզի հանձնաժողովը կարողանար գոնե 1 դրամի թալանի բացահայտում անել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին