Կարևոր իրադարձություններ

«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցել է շուրջ 75 դպրոց (լուսանկարներ)

21 Մայիս, 2022 17:26
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցել է շուրջ 75 դպրոց (լուսանկարներ)
«Երևան իմ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի հաշվետու հանդիպումը, որը կազմակերպել էր ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի և ծրագրին մասնակցած Երևանի ու ՀՀ տարբեր մարզերի 75 դպրոցների ներկայացուցիչներ։
 
ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից դպրոցներին և ուսուցիչներին․ «ԿԶՆԱԿ-ի նախաձեռնությունը կյանքի չէր կոչվի, եթե դուք չկարևորեիք երեխաների՝ ընթերցանության հմտությունները զարգացնելու և կարդացածը վերարտադրելու կարողությունները՝ փորձարկելով նոր մեթոդներ։ Ժամանակն արագ է ընթանում, ինֆորմացիան շատ մեծ ծավալների է հասնում, հետևաբար դպրոցը պետք է գտնի նոր ու արդյունավետ ձևեր երեխաների հետ աշխատելու համար։ Բարդ ու պատասխանատու է մտնել փորձարկվող ծրագրի մեջ, և ինքդ դառնալ առաջնորդող մյուս մանկավարժների համար»,-ասել է նախարարի տեղակալը՝ ուսուցիչներին շնորհակալություն հայտնելով խիզախության, նախաձեռնողականության և ներդրած ջանքերի համար։
 
«Դուք ձեր աշխատանքի գնահատանքն առաջին հերթին տեսնում եք ձեր երեխաների մեջ, որոնց կարդացած ամեն մի տեքստը և արձանագրած արդյունքն անչափ ոգևորիչ են։ Երբ աշխատանքն արվում է որակյալ և նոր արդյունքներ գրանցելու համար, հավատացե՛ք, այն մեզ ևս ոգևորում է՝ հանրակրթության բովանդակային կարևորագույն փոփոխությունների ճանապարհին»,-փաստել է Ժաննա Անդրեասյանը։
 
Նրա խոսքով՝ Տավուշում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշիչները շուտով կմտնեն բոլոր դպրոցներ, որը, ըստ փոխնախարարի, դժվար, սակայն արդյունավետ գործընթաց է՝ նոր մեթոդների և գործիքակազմի շնորհիվ։
 
«Դուք մեր աջակիցներն ու օգնականներն ենք այդ գործընթացում, կամ հակառակը՝ մենք են ձեր օգնականը, քանի որ իրականում այդ փոփոխություններն անում եք դուք, և առանց ձեզ մենք չենք կարող դրանք տեղ հասցնել։ Վստահեցնում եմ, որ մենք ունենք բավարար հաստատակամություն՝ իրականացնելու այդ փոփոխությունները և մեր երեխաների համար ապահովելու լավագույն կրթությունը։ Իսկ դա հնարավոր է, քանի որ նրանց դասավանդում են ձեզ պես ուսուցիչներ, և դպրոցները կառավարում են ձեզ պես տնօրեններ»,-դիմելով ներկաներին՝ շեշտել է փոխնախարարը։
 
Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նմանատիպ նախաձեռնություններին մասնակցած դպրոցներին և ուսուցիչներին նախարարությունը խրախուսելու է նաև այլ գործիքակազմերով՝ մեծապես գնահատելով այդ աշխատանքը։
 
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի նպատակներն են հանրակրթության տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակի բարելավումը, ընթերցողական և լեզվական գրագիտության կարողունակությունների ձևավորումն ու զարգացումը, ընթերցանության և խոսքի մշակույթի որակի բարելավմամբ հանրակրթական բոլոր առարկաների յուրացման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև ընթերցանության միջոցով համամարդկային ու ազգային արժեքների դաստիարակումը։
 

 

Լրահոս

Դիտել ավելին