Կարևոր իրադարձություններ

Ռուբինյանը Իրանի դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

20 Մայիս, 2022 19:58
Ռուբինյանը Իրանի դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ երկու երկրները բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են թե՛ ավանդույթի և թե՛ ներկա իրողությունների վրա:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնակի կարևորություն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որին որակական նոր մակարդակ են հաղորդում փոխայցերը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, կարևորելով հայ-իրանական հարաբերությունների բազմադարյա պատմությունը, նշել է, որ դրանք պետք է զարգացնել, այդ թվում` միջխորհրդարանական հարթակներում:

Դեսպանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը:

ԱԺ փոխնախագահը դեսպանի խնդրանքով մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները:

Խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:

Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման կարևորությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին