Կարևոր իրադարձություններ

Լիտվայի նախագահը խոստացավ՝ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը

20 Մայիս, 2022 16:47
Լիտվայի նախագահը խոստացավ՝ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Լիտվայի Հանրապետության նախագահին:

Մեր երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված մեր հարաբերութ­յուն­նե­րի շարու­նա­կա­կանության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու վճռականության մասին։

Նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-լիտվական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարներն, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Վերահաստատվեց միջպետական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը:

Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին:

Այդ համատեքստում քննարկվեցին արդյունաբերության, ՏՏ, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները:

Ուրախ ենք արձանագրել, որ Լիտվայի նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված են Լիտվայի առաջատար ԲՈՒՀ-երի ռեկտորներ, ինչը կրթության և գիտության բնագավառում երկկողմ համագործակցության կարևորության ապացույցն է:

Քննարկվեցին տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Լիտվայի և Հայաստանի տեսակետներն այս հարցում նույնական են:

Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Նախագահ Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը:

Այս համատեքստում կարևորվեց UNESCO-ի փորձագիտական առաքելության այցը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին»:

 

Լրահոս

Դիտել ավելին