Կարևոր իրադարձություններ

Այս որոշումը մենք կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ այն քաղաքացիների համար, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ. Փաշինյան (տեսանյութ)

19 Մայիս, 2022 20:40
Այս որոշումը մենք կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ այն քաղաքացիների համար, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ. Փաշինյան (տեսանյութ)

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաճախ նման նախագծերը քննադատության առարկա են դառնում:

«Գիտեմ, որ շատ մարդիկ ասելու են՝ այս սոցիալական ծանր իրավիճակում դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն են բարձրացնում: Ես ինչպես նախկինում ասել եմ՝ մենք այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ:

Արդարությունը և պատշաճ արդարադատությունն ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենանք: Սա ունի և՛ սոցիալական, և՛ քաղաքական, և՛ իրավական նշանակություն: Մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին և ոչ թե մարդկանց ձեռքերին: Սա շատ կարևոր արձանագրում է:Սրանից շղթայական շատ մեծ գործընթացներ են տեղի ունենում, որոնք ազդում են մարդկանց սոցիալական, բարոյական վիճակի, ընդհանուր ինքնազգացողության վրա», -ասել է վարչապետը:

Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընգծել է այդ ճանապարհով հետևողականորեն առաջ գնալու կարևորությունը.

«Մենք այս որոշումները կայացնում ենք նաև այն պատճառով, որ երբ ասում ենք, հայտարարում ենք, որ ուզում ենք երկրում լինի իսկապես անկախ դատական համակարգ՝ դա ձև չէ, քաղաքական կարգախոս չէ:

Դա համոզմունք է, ցանկություն է, նպատակ է, որին մենք հետևողականորեն պետք է հասնենք: Եվ մենք, իհարկե, գիտենք, որ կան բազմաթիվ դատավորներ, ովքեր առաջնորդվում են իրենց խղճով և օրենքներով, ուստի մենք նաև այս մարդկանց պետք է աջակցենք և քաջալերենք որպես հանրություն, որպես կառավարություն, որպես երկիր:

Այստեղ միայն ֆինանսական հարց չէ, սա նաև որոշակի հանրային քաղաքական աջակցության ձև է բոլոր այն դատավորներին, ովքեր ծառայում են իրենց խղճին, իրենց համոզմունքին, Սահմանադրությանը, օրենքին և այսպիսով՝ ժողովրդին:

Շատ կարևոր է, որ ունենանք վճռականություն այս միջոցներն իրականացնելու, ինչքան էլ հասկանում ենք, որ դրանք ոչ, ինչպես ասում են, պոպուլյար որոշումներ են, բայց դրանք շատ կարևոր որոշումներ են»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին