Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական նոր օրենսգիրքը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը

19 Մայիս, 2022 18:10
Քրեակատարողական նոր օրենսգիրքը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը

2021 թ. խորհրդարանն ընդունել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թ. հուլիսի 1-ից: Երրորդ կարևոր նախագիծը ՀՀ քրեակատարողական օրենսգիրքն է, որը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը՝ ապահովելով որակական նոր շեմ:Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծը: Գործող օրենսգիրքն ընդունվել է դեռևս 2004 թ., որից հետո բազմաթիվ փոփոխություններ են տեղի են ունեցել թե՛ հասարակությունում, թե՛ միջազգային պրակտիկայում ու ստանձնած պարտավորություններում և թե՛ իրավական հայեցակետերում: Ըստ այդմ` առաջացել էր անհրաժեշտություն ունենալ Քրեակատարողական նոր օրենսգիրք, որով կհաղթահարվեն առկա հակասությունները, կլրացվեն բացերը` ապահովելով նորարար մոտեցումներ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ` նոր օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է տարվի անհատականացված աշխատանք:

Նորարարությունն այն է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմվելու է պատժի կրման անհատական պլան, և ըստ այդմ` 3-6 ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է: Այս առումով կապահովվի կանխատեսելիություն, և կիրականացվեն թիրախային միջոցառումներ:

Ուղղիչ հիմնարկների տեսակներին կփոխարինեն անվտանգության երեք` ցածր, միջին և բարձր գոտիներ` հաշվի առնելով դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատումը: Կսահմանվեն նաև պատժի կրման մեղմ և խիստ ռեժիմներ:

Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Լիլիթ Ստեփանյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Զարուհի Բաթոյանի հարցերին ի պատասխան` արդարադատության փոխնախարարը ներկայացրել է պարզաբանումներ դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման, դատապարտյալների առողջության պահպանմանը միտված ծառայությունների կարգավորումների վերաբերյալ:

Արփինե Սարգսյանը, տեղեկացնելով, որ ՀՀ-ում չկա անչափահաս դատապարտյալ, նշել է, որ նոր օրենսգրքի նախագծով անչափահասների պատժի կրման համար հատուկ վերականգնողական պայմաններ պետք է լինեն: Հստակ նախատեսված է, որ առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերվի անչափահասների նկատմամբ` հաշվի առնելով տարիքային առանձնահատկություններն ու սոցիալ-հոգեբանական խնդիրները:

Հարակից զեկույցում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ապահովում են որակյալ սննդով: Կարևորելով նոր օրենսգրքով ներկայացված ռազմավարական և հայեցակարգային փոփոխությունները` նա նշել է, որ նախատեսվում են առանձին աշխատանքային քննարկումներ ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Իսկ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ` առավել ժամանակակից քրեակատարողական համակարգ ունենալու համար: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին:

 

Լրահոս

Դիտել ավելին