Կարևոր իրադարձություններ

Վերանայվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերը

19 Մայիս, 2022 17:27
Վերանայվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերը

Ապօրինի ծագում ունեցող գույքը հայտնաբերելու եւ այն օրինականության դաշտ վերադարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքով` փոփոխությունները կնպաստեն մեր պետությունում ներդրված կարեւորագույն ինստիտուտի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը. հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից բացի` այդ հասկացության շրջանակում կներառվեն նաեւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք:

«Առաջարկվում է նաեւ վարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սեփական նախաձեռնությամբ որոշ անձանց նկատմամբ սկսել ուսումնասիրության վարույթ»,- նշել է զեկուցողը` հավելելով, որ խոսքը պաշտոնատար այն անձանց մասին է, որոնք օրենքով պարտավոր են ներկայացնել հայտարարագիր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավվում, ինչպես նաեւ ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը` առաջարկվում է վարույթների ուսումնասիրության ժամկետ նախատեսել երեք տարի` երկու տարվա փոխարեն:

Մեկ այլ բովանդակային փոփոխությամբ` եթե փորձագետը փաստի, որ հնարավոր չէ պարզել գույքի շուկայական արժեքը, ապա վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն կընձեռվի այդ գույքի շուկայական արժեքի չափով գումարի փոխարեն պահանջել ձեռքբերման արժեքով գումար:

Եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, ապա վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն կունենա պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

Նախագծով առաջարկվում են նաեւ տեխնիկական այլ փոփոխություններ:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը տեղեկացրել է, որ դատարան ուղարկված 9 հայցադիմումից 8-ն արդեն ընդունվել է վարույթ: Դրանց մասով ակնկալվում է բռնագանձել 43 մլրդ դրամի չափով գումար:

Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է պատգամավոր Արփինե Դավոյանը: 

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին