Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի՝ պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

18 Մայիս, 2022 19:08
Մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի՝ պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը

44-օրյա պատերազմի ամենածանր հետևանքներից մեկը պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրն է հասարակությանը։

«Իմ քայլը» հիմնադրամի՝ պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի նպատակն է՝ նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2022 թ․ հունվար ամսից՝ թիրախավորելով 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորներին։

Առաջին փուլն իրականացվում է Շիրակի մարզում՝ վիրավոր զինվորների մեծ թվով և գործազրկության բարձր մակարդակով պայմանավորված։

Պիլոտային ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է այն իրականացնել ՀՀ այլ մարզերում ևս։

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման համար ապրիլի 1-ին կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Հուշագրի նպատակն է՝ համատեղել կողմերի ջանքերը պատերազմի մասնակիցների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման աշխատանքների իրականացման շուրջ:

Ինչպես նաև, ծրագրի շրջանակներում ապրիլի 12-14-ը Գյումրիում իրականացվել են խմբային ոչ ֆորմալ հանդիպումներ ծրագրի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած՝ հաշմանդամություն ստացած պատերազմի մասնակիցների հետ, որտեղ բազմամասնագիտական թիմը (ծրագրային թիմ, կարիերայի խորհրդատու, հոգեբան) իրականացրել է կարիքների նախնական գնահատում և ներկայացրել ծրագրի մանրամասները:

Նշենք նաև, որ իրականացվել են մարզի գործատուների հետ հանդիպումներ, որոնց նպատակն է վերհանել մարզում առկա թափուր հաստիքները և պահանջվող որակավորումները:

Առաջիկայում նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման ճամբարի կազմակերպում՝ մայիսի 18-22-ը Դիլիջան քաղաքում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված մասնակիցները կկողմնորոշվեն, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, և յուրաքանչյուր մասնակցի համար կկազմվի անհատական զարգացման պլան:

 

Լրահոս

Դիտել ավելին