Կարևոր իրադարձություններ

Հայ պատգամավորները իտալացի գործընկերներին ներկայացրել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

18 Մայիս, 2022 18:25
Հայ պատգամավորները իտալացի գործընկերներին ներկայացրել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է ունեցել հայ և իտալացի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպումը:Այս մասին հայտնոմ են ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանական համագործակցությանը, պատգամավորների ու գործադիրի ներկայացուցիչների փոխայցերի կարևորությանը: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմին, հետպատերազմական իրավիճակին, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին: Այդ համատեքստում Մարիա Կարապետյանն արժևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձևը, որով իտալացի խորհրդարանականներն ամրագրել են հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը: Պատգամավորն ընդգծել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն կարևորել է հայ-իտալական  փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով  հատկապես բարեկամական խմբերի դերը: Ջուլիո Չենտեմերոն անդրադարձել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Պատգամավորը խոսել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հաջողությունների, հայկական կրթամշակութային առանձնահատկությունների մասին:

Ընդլայնված կազմով հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը, Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը, Սարգիս Խանդանյանը և Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են 44-օրյա պատերազմին, ԼՂ-ում տիրող իրավիճակին,  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր-մշակութային ժառանգությանը և այդ հարցում Ադրբեջանի վարած ժխտողական քաղաքականությանն ու իրականությունը խեղաթյուրող վարքագծին: 

Խորհրդարանականներն իտալացի գործընկերներին ներկայացրել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը: 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

 

Լրահոս

Դիտել ավելին