Կարևոր իրադարձություններ

էկոնոմիկայի նախարարը Շիրակի մարզպետի հետ հետևել է մարզում տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքին

18 Մայիս, 2022 17:45
էկոնոմիկայի նախարարը Շիրակի մարզպետի հետ հետևել է մարզում տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ՝ տնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին ու մարզում նախատեսվող նոր նախաձեռնություններին ծանոթանալու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։ Նազելի Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ Շիրակի մարզը մշտապես գտնվում է ՀՀ Կառավարության և Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում։

«Շնորհակալ ենք այս աշխատանքային այցի համար և վստահ ենք, որ այսօրվա հանդիպումները Ձեզ ամբողջական պատկեր կտան, թե ինչ խնդիրներ են առկա Շիրակի մարզում, և կկարողանանք համատեղ լուծումներ առաջարկել մեր բնակիչներին»,- նշել է նա։ Շնորհակալություն հայտնելով մարզպետին ընդունելության համար՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է այցի կարևորությունը մարզում իրականացվող ներդրումային ծրագրերը քննարկելու համար։ Ընդգծելով, որ Կառավարությունը պատրաստակամ է օժանդակել ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ Վահան Քերոբյանն այդ համատեքստում խոսել է այն ծրագրերի մասին, որոնք կոչված են նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսվարողների արդյունավետ գործունեությանը։ «Մենք պատրաստ ենք հզորացնել այն մարդկանց, ովքեր ունակ են իրականացնել լուրջ նախագծեր և տալ նրանց անհրաժեշտ գործիքներ, որպեսզի նրանք կարողանան կյանքի կոչել իրենց պլանավորած ծրագրերը»,- նշել է նախարարը։

Նազելի Բաղդասարյանը նույնպես կարևորել է պետության կողմից տրամադրվող պետական աջակցության գործիքների կիրառումը, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում մեղմել առկա խնդիրները, որոնց թվում է, օրինակ, պարարտանյութերի տրամադրման ծրագիրը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել հատկապես այն ծրագրերին, որոնք թույլ են տալիս Գյումրին և Շիրակի մարզն ավելի գրավիչ դարձնել նոր ներդրումների ներգրավման և զբոսաշրջության զարգացման տեսակետից։ Քննարկվել են նաև Գյումրիում Բարեկամության այգու սմարթ լուծումներով վերակառուցման և բարեկարգման ընթացիկ աշխատանքները։

Նախարարը նշել է, որ Կառավարությունում դիտարկվում է նաև Գյումրիում մոտ 400 հա տարածքի վրա, օդանավակայանի մոտ ընկած հատվածում, արդյունաբերական պարկի կառուցման հարցը, կան նաև պահեստային տարածքներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել բեռների փոխադրումը տարբեր ուղղություններով։

Նազելի Բաղդասարյանը հույս է հայտնել, որ Շիրակում ընթացող և նախատեսվող ծրագրերն իրապես կխթանեն մարզի տնտեսական կյանքը և կհանգեցնեն տնտեսության ակտիվացման։ Այնուհետև Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ։

«Նախ կցանկանայի վերհիշեինք այստեղ իրականացվող ընթացիկ ծրագրերը և հասկանայինք, թե ինչ խնդիրներ ունենք։ Այս պահի դրությամբ ընթացող ամենակարևոր նախագիծը Բարեկամության այգու վերակառուցումն է, որտեղ Կառավորությունը զգալի ներդրում ունի»,- ասել է նախարարը։ Այնուհետև նա խոսքը փոխանցել է Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանին, որը ներկայացրել է Բարեկամության այգու վերակառուցման նախապատրաստման, նախատեսվող շինարարական աշխատանքներն ու միջոցառումները:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Գյումրին ունի զբոսաշրջային մեծ ներուժ ու ներդրումների իրականացման համար բարենպաստ միջավայր։

Նախարարն անդրադարձել է նաև «Դիստրիկտ» էկո- և տեխնոթաղամասի հիմնադրման մանրամասներին և նշել, որ ՀՀ Կառավարությունը մեծապես շահագրգռված է այս ներդրումային ծրագրի իրականացման մեջ, քանի որ առկա է նաև Գյումրին որպես տեխնոլոգիական կենտրոն զարգացնելու հնարավորությունը։ «Դիստրիկտը կարող է այնպիսի միջավայր ապահովել, որպեսզի տաղանդավոր մարդիկ կարողանան լավ միջավայրում ապրել, աշխատել և ստեղծագործել»,- հավելել է նախարարը։

Քաղաքապետարանում նախարարը ևս մեկ անգամ կարևորել է Գյումրիում արդյունաբերական պարկի կառուցումը և շեշտել, որ արդյունաբերական պարկերը ամենակարևոր ենթակառուցվածքներն են ներդրումներ ներգրավելու համար, որոնք թույլ են տալիս ներդրողներին առանց համեմատաբար մեծ ծախսերի կազղմակերպել արտադրություն և ունենալ հասանելիություն տրանսպորտային ենթակառուցվածքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանաչապատմանը, ոռոգմանը, հյուրանոցների գործունեությանն ու հյուրանոցային սպասարկմանը վերաբերող խնդիրներ։

Այցի շրջանակում նախարարը եղել է «Դիստրիկտ» թաղամասում և Բարեկամության այգում, որտեղ ծանոթացել է բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Այնուհետև նախարարն այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընդհանուր գործունեությանը և իրականացվող աշխատանքներին:

Շրջայյցի ընթացքում նախարարը կարևորվել է սելեկցիոն կայանի դերն ու նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այցի շրջանակում նախարարը նաև հանդիպում է ունեցել Ազատան համայնքի բնակիչների հետ և քննարկել նրանց հուզող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։

 

Լրահոս

Դիտել ավելին