Կարևոր իրադարձություններ

Պոֆիգիստների բանակը. «Հրապարակ»

18 Մայիս, 2022 08:15
Պոֆիգիստների բանակը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Դժգոհների մի հսկա բանակ ունենք, որը դժգոհ է իշխանությունից եւ ընդդիմությունից, դժգոհ է պայքարողներից եւ չպայքարողներից, դժգոհ է հայի բախտից ու հայի խելքից, դժգոհ է Աստծուց ու բնությունից։ Սրանց մի թեւն էլ պոֆիգիստներն են՝ ամեն ինչին եւ բոլոր ժամանակներում քամահրանքով վերաբերվողները։ Սա ի՞նչ ընդդիմություն է՝ ծախված ու խղճուկ, սա ի՞նչ իշխանություն է՝ ապաշնորհ ու դավաճան, սա ի՞նչ մամուլ է՝ անգրագետ ու մակերեսային, բժիշկները փողի մեռած են, ուսուցիչները՝ պրիմիտիվ, դասախոսները՝ անտարբեր ու դարն ապրած։ Մի խոսքով՝ չկա մի բան, որ այս խավին դուր գա, եւ չկա որեւէ բան, որով նրանք ոգեւորվեն։

Նրանք ի սկզբանե գիտեն, որ ոչ մի բան չի ստացվելու․ ո՛չ պայքարն է արդյունք տալու, ո՛չ նորմալ երկիր ենք ունենալու, մարդիկ երբեք այս տարածքում բարեկեցիկ կյանքով չեն ապրելու եւ երբեք ոչնչի չեն հասնելու։ Նրանք ծաղրում են բոլորին, հեգնում են ամեն սրբություն ու վեհ գաղափար։ Նրանք չեն հավատում ոչնչի եւ կյանքին ու իրենց շուրջը կատարվողին նայում են դիտորդի հայացքով՝ կողքից, անտարբեր ու անհաղորդ։ Ամեն ինչի դժգոհ այս տեսակը ոչինչ չի առաջարկում եւ ոչինչ չի անում այս իրավիճակը փոխելու համար՝ չունի ծրագիր, չունի տեսլական, չունի ձգտումներ ու երազներ։

Թեեւ, որպես կանոն, կրթված է եւ գրագետ, բայց ապրում է մոլախոտի կյանքով։ Նա, որպես կանոն, ոչինչ չի տալիս իր շրջապատին, նրանից աշխարհը ոչինչ չի շահում, նա կյանքին ու մարդկությանը տալիք չունի։ Բայց ամեն ինչ հարամելու մեծ ռեսուրս ունի։ Քանի որ ինտելեկտի պակաս չունի, կարող է ցանկացած վեհ գաղափար ու ազնիվ ձգտում ապականել, այլասերել, ոտնակոխ անել՝ սիրուն մարգագետին մտած կովի նման։ Հուսահատություն եւ ապատիա տարածել, համոզել, որ անիմաստ է ցանկացած պայքար»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին