Կարևոր իրադարձություններ

Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար. Հակոբ Սիմիդյան

17 Մայիս, 2022 22:07
Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար. Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Իմ անտառ Հայաստան» («My forest Armenia») բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանի հրավերով այցելել են կազմակերպության Լոռու մարզի Գուգարք համայնքի «Պենժամին Գումուշճեան» տնկարան:

Նախարարը և տեղակալը «My Forest Armenia»-ի գործընկերների հետ շրջել են կազմակերպության Ջրաշենի տնկադաշտում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, տնկված ծառատեսակներին, քննարկել կազմակերպության հզորությունները և Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման և անտառտնկման ծրագրերի շրջանակում համագործակցելու հնարավորությունները:

Տնկադաշտում շրջայցից հետո նախարարը շրջայց է կատարել «Պենժամին Գումուշճեան» տնկարանում, որտեղ հյուրերի ստեղծվող ծառուղում տնկվել են առաջին ծառերը: Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ խոսել է ծառ տնկելու գաղափարի կարևորության մասին:

«Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար: Տնկելով ծառեր` մենք մեր արմատներն ենք ամրացնում հայրենի հողում և մեր հոգատարությունը դրսևորում շրջակա միջավայրի նկատմամբ»,-նշել է նախարարը և կրկին շնորհակալություն հայտնել պարոն Գումուշճեանին` անտառային ոլորտում նշանակալի ներդրման և օրինակելի գործունեության համար:

«Դուք ոչ միայն նպաստում եք անտառածածկ տարածքների ավելացմանը, այլ նաև ստեղծելով աշխատավայրեր, օրինակ եք ծառայում, թե ինչպես կարելի է գրագետ օգտվել անտառի տված բարիքներից, վնաս չտալով շրջակա միջավայրին, ավելին` ծառ տնկելով և բնության մասին հոգ տանելով գումար վաստակել»,-նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են կնքել, որով կողմերը համագործակցելու են անտառվերականգման և անտառապատման աշխատանքների կազմակերպման, անտառային էկոհամակարգերում կենսաբազմազանության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված համատեղ աշխատանքների շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին