Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ՀԲ-ի մասնակցությունն՝ ուղղված Միասնական սոցիալական ծառայության ստեղծմանը

17 Մայիս, 2022 21:51
Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ՀԲ-ի մասնակցությունն՝ ուղղված Միասնական սոցիալական ծառայության ստեղծմանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորությամբ։  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» (SPAP 2) շրջանակում կատարված աշխատանքների ընթացքին, ամփոփել արդեն իսկ ունեցած արդյունքները։      

Ներկայացնելով ԱՍՀՆ կողմից իրականացվող բարեփոխումներն ու սահմանված առաջնահերթությունները՝ նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի մասնակցությունն՝ ուղղված հետպատերազական շրջանակում արցախահայության աջակցության ծրագրերի իրականացմանն, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության ստեղծմանը։ Նախարարի խոսքով՝ ՄՍԾ կայացման գործում դեռ կան անելիքներ, բայց Ծառայությունն արդեն իսկ ցույց է տալիս գործունեության արդյունավետ ընթացք։

Նշվել է, որ ՄՍԾ մի շարք տարածքային կենտրոններ արդեն իսկ հանձնվել են շահագործման․ շինաշխատանքներ են ընթանում ՄՍԾ Ալավերդու, Գյումրիի, Արթիկի, Աբովյանի, Աշտարակի, Սպիտակի, Սիսիանի, Վայքի և Վաղարշապատի տարածքային կենտրոններում։

Մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել նաև ՄՍԾ աշխատակիցների վերապատրաստումներ և անապահովության գնահատման միավորների ստուգման պիլոտային ծրագիր։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները՝ Կարոլին Գեգինատի գլխավորությամբ, ներկայացրել են ծրագրի ընթացքի և շարունակականության վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Ըստ այդմ, քննարկվել է «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը՝ պայմանավորված որոշ տարածքային կենտրոնների շինվերանորոգման, ինչպես նաև տեխնիկական վերազինման և կահավորման հանգամանքով, առկա համակարգերի արդիականացմամբ, ինչպես նաև Միասնական տեղեկատվական համակարգի (ՄՏՀ) ներդրմամբ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղել ջանքերն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Միասնական սոցիալական ծառայության կայացման և զարգացման ուղղությամբ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին