Կարևոր իրադարձություններ

Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը

17 Մայիս, 2022 15:10
Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 17-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին:

Նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Անդրանիկ Քոչարյանը, Գեւորգ Պապոյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Շիրակ Թորոսյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նիստի ընթացքում արդյունավետ աշխատանք կիրականացվի:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նախորդ օրը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին, որը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակին: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում երկրների ղեկավարները հանգամանորեն քննարկել են կազմակերպության խնդիրները, անդրադարձել ձեռքբերումներին ու բացթողումներին, ինչպես նաեւ նախանշել հետագա քայլերը:

«Կարծում եմ՝ խորհրդարանական հարթությունում մենք հավատարիմ կմնանք նույն նշաձողին, եւ առկա համաձայնագրերը կոնկրետ բովանդակությամբ լրացնելու մեր համատեղ ջանքերը կմեծացնեն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի իրական ներդրումը Կազմակերպությունում մեր երկրների բազմակողմ փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերը, ԽՎ-ի 2021-2025 թթ. գործունեության հեռանկարներն ու օրակարգային այլ հարցեր:

Խորհրդարանական վեհաժողովում Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի դիմումի եւ ՀԱՊԿ ԽՎ-ում նրան դիտորդի կարգավիճակ տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը վերահաստատել է այդ առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովն այդ հարցում առարկություններ չունի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին