Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գևորգ Պապոյան

16 Մայիս, 2022 15:49
ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գևորգ Պապոյան

2021 թ. դեկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 7,4, միջին գնաճը` 7,2 տոկոս: 2021 թ. ընթացքում Կենտրոնական բանկի կանխատեսումները մի քանի անգամ ճշգրտվել են. արտաքին միջավայրից եկող գնաճային ռիսկերը զսպելու նպատակով տարվա ընթացքում վերաֆինանասավորման տոկոսադրույքը բարձրացվել է 4,25-ից մինչեւ 7,75 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 16-ի նիստում կառույցի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս:

ԿԲ տարեկան հաղորդումը ներառում է 2021 թ. գնաճի հաշվետվությունը եւ 2022 թ. կանխատեսումները:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի: Այս հարցում պատգամավորը կարեւորել է ԿԲ դերակատարությունը, ճիշտ աշխատանքը: Գեւորգ Պապոյանի խոսքով` այնուամենայնիվ, գնաճն ազդում է քաղաքացիների կենսամակարդակի վրա եւ Կառավարությունը, Ազգային ժողովը եւ ԿԲ-ն պետք է քայլեր ձեռնարկեն հանրության եկամուտներն ավելացնելու ուղղությամբ:

Հովհաննես Խաչատրյանն ընդգծել է, որ 2021 թ. համար ԿԲ-ն կանխատեսում էր 1,5 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը` 6.2 տոկոս:  Տարվա ընթացքում աստիճանաբար փոփոխվել են կանխատեսումները, ավելացել են արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները: Արդյունքում` գրանցվել է 5,7 տոկոս տնտեսական աճ եւ 7,4 տոկոս գնաճ: Հիմնական ազդող գործոններն են եղել պարենի, էներգակիրների միջազգային գների դինամիկայի փոփոխությունները:

2021թ. սկսած ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքը գրեթե միշտ եղել է չեզոք տոկոսադրույքից ցածր:

Անդրադառնալով 2022 թ. գնաճի կանխատեսումներին` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշել է, որ տարեսկզբին ԿԲ-ն կանխատեսում էր գնաճի 6,5 տոկոս մակարդակ եւ տնտեսական աճի` 1,5 տոկոս` պայմանավորված արտաքին միջավայրով: Նշվել է, որ այս պահին առկա է արտաքին պահանջարկի էական աճ:

Խոսելով ՌԴ տնտեսության` մեր երկրում ունեցած ազդեցության մասին` Հովհաննես Խաչատրյանը նշել է. «Մենք ունենք 2,5 մլրդ դոլարի միջազգային առեւտուր ՌԴ-ի հետ, որից արտահանումը կազմում է 800 մլն, ներմուծումը` 1,7 մլրդ դոլար»:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերել են դրամական փոխանցումների ծավալին, փոխարժեքի տատանումներին, որոշ ապրանքների կտրուկ աճի պատճառներին եւ այլն:

 

Լրահոս

Դիտել ավելին