Կարևոր իրադարձություններ

Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցի տեղում նոր MERCURE կբացվի (լուսանկարներ)

14 Մայիս, 2022 23:15
Հեղինակ՝ Նոննա Բարսեղյան
Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցի տեղում նոր MERCURE կբացվի (լուսանկարներ)

Աշխարհի առաջատար հյուրանոցային խումբը`Accor-ը և Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերությունը համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որով տրվում է Mercure բրենդի ներքո բացվող առաջին հյուրանոցի մեկնարկը: Այս տարեվերջին Golden Palace Hotel Resort and Spa հյուրանոցի վերակառուցման և վերաբրենդավորման արդյունքում լեռնադահուկային և կլիմայական հանգստավայր Ծաղկաձորի սրտում նոր MERCURE կբացվի:

«Մենք ուրախ ենք հաստատել մեր ներկայությունը Հայաստանում և ներկայացնել այստեղ մեր ամենահայտնի ապրանքանիշերից մեկը՝ Mercure-ը: Ծաղկաձորը հիանալի հանգստավայր է բոլոր եղանակների համար, որը հարուստ բնությամբ և լեռնադահուկային վազքուղիների որակով հաջողությամբ կարող է մրցակցել միջազգային մակարդակով»,- հանդիպման ժամանակ ասաց Accor New East Europe-ի գլխավոր տնօրեն Ալեքսիս Դելարոֆֆը` վստահեցնելով, որ զբոսաշրջիկների կողմից ճանաչելի և սիրված հյուրանոցային բրենդի այստեղ հայտնվելը կնպաստի հանգստավայրի զարգացմանը և էլ ավելի ճանաչելի կդառնա ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների մոտ։

Ըստ Ալեքսիս Դելարոֆֆի` իրենք Հայաստանում զարգացման հսկայական ներուժ են տեսնում և ձգտում են գրավել առաջատար դիրք այս զարգացող շուկայում` հույս ունենալով, որ այս տարածաշրջանում առաջիկա տարիներին կկարողանան զբոսաշրջիկների ընտրությանը  ներկայացնել 7-ից 10 Accor-ի նոր նախագծեր։

Վերակառուցված հյուրանոցը հյուրերին կներկայացնի սպասարկման միջազգային ստանդարտների բոլոր առավելությունները և հասանելիություն կտա հավատարմության եզակի ծրագրին ALL - Accor Live Limitless: Հյուրերը կկարողանան ընտրել Mercure բրենդի յուրօրինակ ոճով հարդարված 120 նրբաճաշակ համարներից որևէ մեկը: Յոթհարկանի շինության ներսում կլինի ռեստորան, բար, մի քանի բուտիկ, մարզասրահ` իր լողավազանով, ինչպես նաև  կգործի միջազգային խաղատուն և գերժամանակակից սպա կենտրոն` ամբողջական ծառայություններով ներառյալ: Հյուրերին կառաջարկվեն շուրջօրյա սպասարկմամբ սենյակներ, բիզնես կենտրոնի ծառայություններ և անվճար ավտոկայանատեղի։

«Սևանում և Ծաղկաձորում կկառուցենք գերժամանակակից հյուրանոցային համալիրներ և ժամանցի վայրեր, որով կիրականացնենք 300 մլն եվրո ներդրումային ծրագիր, կստեղծվի 1000-ից ավելի աշխատատեղ, նոր զարկ կտանք մեր պետության տնտեսության զարգացմանը և էլ ավելի ներկայանալի կդարձնենք մեր երկիրն ամբողջ աշխարհին»,- ասաց Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերության հիմնադիր-տնօրեն Նարեկ Նալբանդյանը:

Ինչպես նշեցին հանդիպման բանախոսները, իրենց նպատակն է եղել բրենդային հյուրանոցներ կառուցել Երևանից դուրս, որպեսզի զբոսաշրջությունը ևս զարգանա Հայաստանի ամբողջ տարածքով, ոչ միայն Երևանում:

«Քանի որ մեր միջազգային գործընկերների համար առավել գայթակղիչ է ու ներկայանալի Սևանն ու Ծաղկաձորը, մենք մեր ներդրումային ծրագրերն այժմ սկսում ենք Սևանից ու Ծաղկաձորից, բայց դա չի նշանակում, որ անտեսվելու են մնացած մեր զբոսաշրջային վայրերը: Մեր հետագա ներդրումային ծրագրերը համատեղ շարունակվելու են Ստեփանավանում, Դիլիջանում, Աղվերանում»,- հավելեց Նարեկ Նալբանդյանը:  

 

«Մենք ուրախ ենք սկսել համագործակցություն միջազգային հյուրանոցային գործընկերոջ հետ և հայտարարել Golden Palace հյուրանոցի վերակառուցման մասին։ Մենք հույս ունենք շարունակել մեր համագործակցությունը Accor group ընկերության  հետ և  մոտ ապագայում  նախատեսում ենք նույն տարածաշրջանում կառուցել նոր օբյեկտ՝ ապարտ-հյուրանոցի ձևաչափով»,- գործընկերներին հավելեց ACCOR հյուրանոցի կառավարման գծով տնօրեն Մահմուդ Սաադը։

Նոր Mercure-ը շատ հարմար դիրք է զբաղեցնում բարձունքի վրա, որը դահուկորդներին թույլ է տալիս հեշտությամբ հասնել Թեղենիս լեռան լեռնադահուկային լանջերին և վազքուղիներին։ Իսկ Ծաղկաձորի ճոպանուղուն հյուրերը կարող են հասնել ընդամենը 8 րոպեում։

Հանդիպման վերջում կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Accor և Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերությունները նախատեսում են շարունակել  իրենց համատեղ համագործակցությունը ապագայում, և նոր նախագծերն արդեն մշակման փուլում են:

 

Լրահոս

Դիտել ավելին