Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    453
    465

  • EUR

    474
    492

  • RUB

    6,75
    8,1

Կարևոր իրադարձություններ

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է նախադեպային որոշում. Արամազդ Կիվիրյան

14 Մայիս, 2022 17:12
Հեղինակ՝ Արամազդ Կիվիրյան
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է նախադեպային որոշում. Արամազդ Կիվիրյան

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները պետք է բողոքարկվեն ՀՀ վարչական դատավարության կարգով, այլ ոչ թե քաղաքացիական դատավարության, ինչպես տարիներ շարունակ փաստացի տեղի էր ունենում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

«Իմ գործընկեր փաստաբաններ, տեղեկացնում եմ Ձեզ, որ 13.05.2022 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է նախադեպային որոշում, ըստ որի, վերջապես տարիների պայքարը տվեց իր արդյունքը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները պետք է բողոքարկվեն ՀՀ վարչական դատավարության կարգով, այլ ոչ թե քաղաքացիական դատավարության, ինչպես տարիներ շարունակ փաստացի տեղի էր ունենում: Հաստատապես այս նախադեպը մեծ հարված է պալատի համար, քանի որ տևական ժամանակ պալատը չէր ցանկանում ընդունել այն մոտեցումը, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը պատկանում են հանրային իրավունքին և պալատի որոշումները պետք է քննվեն վարչադատավարական ընթացակարգով: Այս նախադեպն առաջինն է, վերաբերում է փաստաբան Լուսինե Սահակյանի գործին, սակայն ունենք ևս երեք բողոք, որոնք գտնվում են ՀՀ վճռաբեկ դատարանում, կրկին Լուսինե Սահակյանի, ինչպես նաև Երվանդ Վարոսյանի գործերով, որոնք արդեն կարժանանան նույն գնահատականի: Մեջբերեմ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից հատվածներ.

Այսպես՝

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իրավունքին են պատկանում այն նորմերը, որոնք իրենց ցանկացած հնարավոր կիրառման դեպքում միակողմանիորեն լիազորում կամ պարտավորեցնում են բացառապես հանրային իշխանության կրողին՝ որպես այդպիսին, իսկ այն նորմերը, որոնք լիազորում կամ պարտավորեցնում են յուրաքանչյուրին, պատկանում են մասնավոր իրավունքին։ Տվյալ դեպքում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը պատկանում են հանրային իրավունքին, քանի որ դրանք փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելը լիազորում են բացառապես Պալատին։

Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վիճարկելու հայցերի նկատմամբ ևս կիրառելի են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վիճարկման հայցերին վերաբերող իրավական նորմերը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Պալատի խորհրդի որոշման ընդունմամբ ծագել է վարչական իրավահարաբերություն, որի կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին»,- գրել  է նա

 

Լրահոս

Դիտել ավելին