Կարևոր իրադարձություններ

Այս փաստաթուղթը պետության ամենակարևոր փաստաթղթերի առաջին հնգյակում է. արդարադատության նախարար

13 Մայիս, 2022 18:05
Այս փաստաթուղթը պետության ամենակարևոր փաստաթղթերի առաջին հնգյակում է. արդարադատության նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը և 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ այս փաստաթուղթը պետության ամենակարևոր փաստաթղթերի առաջին հնգյակում է։

«Հեղափոխությունից հետո մեր երկրում իսկապես եղել են բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք, ցավոք սրտի, չեն եղել այնքան, որքան պահանջվել է, որովհետև կոռուպցիոն եղել է եզակի կայացած ինստիտուտներից մեկը։ Եվ դրա պատճառով է, որ եղել է այս փաստաթղթի ձևավորման անհրաժեշտությունը»,- ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ ռազմավարության մեջ նշված են բազմաթիվ խնդիրներ, շատ օբյեկտիվ ախտորոշված են ամբողջ կառավարման համակարգի խնդիրները։ Եվ ախտորոշման հետ միասին տրված են բոլոր հնարավոր լուծումները։ Նախարարն ասաց, որ երկարատև աշխատանք է սպասվում, լուծումները տրվելու են մի քանի փուլերով, ռազմավարության հաստատումից անմիջապես հետ աշխատանքները մեկնարկելու են և տևելու են մինչև 2030 թվականը։

 
 

«Ըստ այս ռազմավարության՝ հիմնական 4 ուղղություններով է լինելու աշխատանքը։ Առաջին բլոկը լինելու է հանրային ծառայությունները։ Արդեն իսկ հատվածական տեղի են ունեցել հանրային ծառայությունների բարելավումներ մեր երկրում, բայց կա շատ երկրների փորձը, որտեղ բոլոր ծառայություններն են միավորված, պատշաճ թվայնացված են, դրանց կառավարումը հասցված է մաքսիմում լավագույն վիճակի, որպեսզի մարդը կարողանա մի աղբյուրից մի տեղում օգտվել բոլոր հանրային ծառայություններից։ Մյուս կարևոր խնդիրը մարդկային ռեսուրսներն են։ Ժամանակին եղել են դեպքեր,երբ բարեմակներին, ազգականներին մտցրել են համակարգ, և ստեղծվել է քաղծառայության այս համակարգը, բայց այն բավարար չափով չի խրախուսում, չի կատարելագործում այն կադրերին, որոնք մեզ պետք են աշխատանքների իականացման համար։ Այս ռազմավարությունը հստակ տալիս է այն այն լուծումները, թե ինչպես պարգևատրել, ինչպես խրախուսել իսկապես արժանավորներին և ինչպես կարողանալ  հետաքրքիր դարձնել պետական հանրային ծառայությունը մասնավորի հետ մրցակցության պարագայում։ Երրորդ հենասյունը, որի վրա կառուցված է այս ամբողջ ռազմավարությունը, դա ինստիտուցիոնալ արդիականացումն է։ Շատ հաճախ քաղաքական գործիչը կամ պաշտոնյան նշանակվելով քաղաքական պաշտոնի՝ ունենում է բարի, լավ ցանկություններ, ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլ տեղ-տեղ նույնիսկ սկսում է խոչընդոտել։ Ռազմավարությունը և հստակ ախտորոշել է, և տալիս է դրա բոլոր լուծումները։ Չորրորդ ուղղությունը դա քաղաքականություն ընդունելու ռազմավարական մոտեցումը, ռազմավարական պլանավորումն է։ Մենք արդեն՝ որպես կառավարություն, մի քանի տարի է գնում ենք այդ ճանապարհով, որ հնարավորինս այսրոպեական չլինեն որոշումները, լինեն ռազմավարությունների մաս, բայց նույնիսկ դա համակարգման և էլ ավելի կատարելագործման կարիք ունի»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կվերահսկի այս ռազմավարության իրագործումը, արդարադատության նախարարը կհամակարգի, կստեղծվի աշխատանքային խորհրդատվական խումբ։

 

Լրահոս

Դիտել ավելին