Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր կբացվի․ ԿԳՄՍՆ

13 Մայիս, 2022 12:28
Տավուշի մարզում ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիր կբացվի․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։

Գյուղատնտեսական կրթահամալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թ. սեպտեմբերին՝ «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով:

Հիմնադրամում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ:

Կրթահամալիրում ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, կտեղայնացվեն նաև ֆրանսիական կրթական չափորոշիչներ և ֆրանսիական մանկավարժական մեթոդներ:

Ֆրանսիայի հայկական հիմնադրամը նախատեսում է կատարել հետևյալ ներդրումները՝ 

դասախոսական անձնակազմի վերապատրաստում մասնագիտական և մանկավարժական ծրագրերով,

ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազայի մասնակի համալրում,

շենքային պայմանների որոշակի բարելավում,

շենքի մշտական ջրամատակարարման ապահովում՝ խմելու ջրի ռեզերվուարների տեղադրմամբ,

ճաշարանի կազմակերպում՝ տարածքի վերանորոգման և կահավորման ընդգրկմամբ,

հանրակացարանի կահավորում, սանհանգույցների վերափոխում և կապիտալ վերանորոգում,

քիմիայի և կենսաբանության, ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիաների ստեղծում,

ագրոգործիքների արհեստանոցի ստեղծում,

25-տեղանոց ուսանողական ավտոբուսի ձեռքբերում,

մարզասրահի և ուսանողների ժամանցի սրահի ստեղծում:

Հիմնադրամի ստեղծման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:

Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի վերակազմակերպումից և հիմնադրամ դառնալուց հետո հաստատությունում կշարունակվի ուսուցանվող մասնագիտություններով կրթությունը՝ ըստ աշխատաշուկայի պահանջարկի:

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կնձեռվի փորձարկելու և ներդնելու ՄԿՈՒ հաստատությունների կառավարման նոր մոդելներ՝ հիմնված պետական-մասնավոր համագործակցության վրա:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» միջև կնքվել էր ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպել հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի կիրառմամբ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին