Կարևոր իրադարձություններ

Այս մրցույթը շատ լավ միջոց է նաև երիտասարդների շրջանում քննադատական մտածողությունը զարգացնելու առումով․ ԿԳՄՍ փոխնախարար

12 Մայիս, 2022 22:20
Այս մրցույթը շատ լավ միջոց է նաև երիտասարդների շրջանում քննադատական  մտածողությունը զարգացնելու առումով․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է գտնվել «Երիտասարդական գրականագիտական մրցույթ» ծրագրի ամփոփիչ մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Մրցույթն անցկացրել է «Գրական կայարան» գրականմշակութային ՀԿ-ն՝ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի և Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

Ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների վերաբերյալ գրախոսություններ գրելու միջոցով։

Մրցույթի շրջանակում հանրապետության չորս մարզերում (Լոռի, Տավուշ, Գեղարքունիք և Վայոց ձոր) և Երևան քաղաքում իրականացվել են մեկօրյա դասընթացներ, որոնց ընթացքում գրականագետներ Արթուր Անդրանիկյանը և Կարեն Մանուչարյանը երիտասարդներին ներկայացրել են քննադատական ընթերցանության ու գրախոսություններ գրելու հիմնական առանձնահատկությունները։ Դասընթացներից հետո 31 մասնակից իրենց նախընտրած ստեղծագործության վերաբերյալ գրել են գրախոսություններ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին և միջոցառման համար շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես երիտասարդության պետական քաղաքականությունը համակարգող լիազոր մարմին, կարևորում է երիտասարդների շրջանում քննադատական, վերլուծական կարողությունների զարգացումը, նրանց ինքնիրացման հնարավորությունների ընդլայնումը, քաղաքացիական կրթության խթանմանն ուղղված ծրագրերը:

«Այս մրցույթը, գրական, գրականագիտական միջոցառում լինելուց բացի, շատ լավ միջոց է նաև երիտասարդների շրջանում քննադատական և վերլուծական մտածողությունը զարգացնելու առումով: Ակտիվ քաղաքացիության դրսևորման առաջին խնդիրը քննադատական մտածողություն ունենալն է, ապա՝ մասնակցային գործընթացի մասին մեթոդաբանական իմացությունը, ճիշտ խնդիրների թիրախավորումը՝ ուղղված համայնքի, միջավայրի վերափոխմանը: Եվ այս միջոցառումը յուրօրինակ ձև է խնդիրները հասցեագրելու և հատկապես մեր մարզաբնակ երիտասարդների որակներն ու կարողությունները զարգացնելու համար: Վստահ եմ՝ մեր երիտասարդները կդառնան իրենց համայնքների, իրենց իրականության փոխակերպման առաջամարտիկները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Գրախոսական աշխատանքները գնահատել է մասնագիտական հանձնաժողովը. 12 մասնակից արժանացել է դրամական և խրախուսական մրցանակների: ԿԳՄՍ փոխնախարարի մասնակցությամբ հաղթողներին հանձնվել են նաև վկայականներ:

Մրցանակակիրները ևս շնորհակալություն են հայտնել մրցույթի անցկացման համար՝ նշելով, որ հաղթանակը պարտավորեցնող է, և իրենց աշխատանքը կլինի շարունակական:

Նշենք, որ հաղթած գրախոսական աշխատանքները կտպագրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրով ֆինանսավորվող «Կայարան» հանդեսում:

 

Լրահոս

Դիտել ավելին