Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շատ առումներով համաշխարհային ճգնաժամ են հրահրում. Պուտին

12 Մայիս, 2022 16:22
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շատ առումներով համաշխարհային ճգնաժամ են հրահրում. Պուտին

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հարվածում են այն երկրների տնտեսություններին, որոնք դրանք կիրառում են, ինչպես նաև համաշխարհային ճգնաժամ են հրահրում, այսօր այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ։

«Այս պատժամիջոցները մեծ մասամբ հրահրում են համաշխարհային ճգնաժամ: Դրանց հեղինակները, առաջնորդվելով անհեռատես, ուռճացված քաղաքական նկրտումներով, ռուսաֆոբիայով, ավելի մեծ չափով հարվածում են իրենց ազգային շահերին, սեփական տնտեսություններին, իրենց քաղաքացիների բարեկեցությանը»,-ասել է նախագահը:

«Առաջին հերթին,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը,- դա երևում է Եվրոպայում գնաճի կտրուկ աճից. որոշ երկրներում այն ​​արդեն մոտեցել է տարեկան 20%-ին, իսկ ընդհանուր առմամբ եվրոգոտում ապրանքների գների գնաճը ավելի քան 11% է»։

Պուտինն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանի իշխանությունները մի շարք հանդիպումներ են անցկացրել տնտեսական իրավիճակի վերաբերյալ։

«Կառավարության անդամների, ֆեդերացիայի սուբյեկտների ղեկավարների, Կենտրոնական բանկի ղեկավարության, բիզնեսի ներկայացուցիչների հետ մենք իրականացնում ենք տնտեսության կայուն զարգացում ապահովելու հետևողական ծրագիր»,- ասել է նախագահը։

Նա նշեց, որ այս աշխատանքը պետք է կառուցվի՝ հաշվի առնելով արտաքին բարդ պայմանները։

«Ես նկատի ունեմ և՛ բարդ գլոբալ իրավիճակը, և՛ արևմտյան պետությունների պատժամիջոցների ճնշումը»,- պարզաբանել է ռուսական պետության ղեկավարը։

 

Լրահոս

Դիտել ավելին