Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին ընդառաջ

12 Մայիս, 2022 10:52
Աշխատանքային խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին ընդառաջ

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցերը:

Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը. նա ընդգծել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքները սահուն են ընթանում, իսկ տեխնիկական որոշ հարցեր կլուծվեն առաջիկա օրերին:

ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը զեկուցել է, որ մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:

Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու է 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 4000 մետր մրցատարածությունը: Վերջնարկը նախատեսվում է անցկացնել Պարզ լճին հարող տարածքում: Մրցաշարը տեղի կունենա մայիսի 14-ին:

Հանձնաժողովի անդամները քննարկել են նաև մրցաշարի անվտանգությանը և բժշկական օգնությանը վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակից թիմերն ապահովվելու են ճանապարհածախսով և մարզահագուստով, իսկ Սյունիքի և Արցախի թիմերը կապահովվեն նաև գիշերակացով:

Լուծված են նաև մրցաշարի մրցավարությանն առնչվող հարցերը. «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարում կաշխատի 36 մրցավար:

Հիշեցնենք՝ մրցաշարի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Մասնավորապես առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:

Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար:

Հատկացված գումարով նախատեսվում է նաև մասնակիցների համար ապահովել գավաթներմեդալներհավաստագրերշնորհակալագրերհուշանվերներՄիջոցառման անցկացման համար կիրականացվի տարածքի ձևավորումնկարահանում, իսկ փակման արարողության ժամանակ կապահովվի նաև ուղիղ հեռարձակում:

 

Լրահոս

Դիտել ավելին