Կարևոր իրադարձություններ

Տնտեսական աճ և բեկում ունենալու համար ժողովրդավարական մեծ բարեփոխումների օրակարգ ունենք․ վարչապետը՝ Նիդերլանդների գործարարներին

11 Մայիս, 2022 12:42
Տնտեսական աճ և բեկում ունենալու համար ժողովրդավարական մեծ բարեփոխումների օրակարգ ունենք․ վարչապետը՝ Նիդերլանդների գործարարներին

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը մայիսի 11-ին Հաագայում այցելել է Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական, ներդրումային հնարավորությունները:

«Տնտեսական աճ և բեկում ունենալու համար մենք ժողովրդավարական մեծ բարեփոխումների օրակարգ ունենք»,-ասաց նա:

Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության տնօրեն Ինգրիդ Թիյսենը նշել է, որ տեղի գործարարների շրջանում առկա է Հայաստանի հետ համագործակցության հետաքրքրվածություն և շահագրգռվածություն, ուստի իրենք պատրաստ են քննարկել ՀՀ-ում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները, ծանոթանալ բիզնեսի համար ստեղծված պայմաններին: Նրա խոսքով` Նիդերլանդներում հայ համայնքն ունի մեծ համակրանք, որի ներկայացուցիչներն աչքի են ընկնում աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ, ստեղծագործելու և բիզնես ոլորտում աշխատելու ձիրքով:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Հաագայում աշխատանքային օրը սկսել գործարարների հանդիպումով և նիդերլանդական բիզնեսին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու գրավչությունը՝ նաև ներկայիս մարտահրավերների լույսի ներքո։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր հանդիպումը անցկացնելու համար և ներկայացրել մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման արդյունավետ բարեփոխումներ նաև Եվրոպական միության օժանդակությամբ, որոնք միտված են ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը: Վարչապետը ներդրումների ներգրավման համատեքստում կարևորել է տարածաշրջանային կայությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է դրանում:

Անդրադառնալով ՀՀ-ում կապիտալ ներդրումներին՝ վարչապետը խոսել է Հյուսիս-հարավ ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրի մասին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը նաև գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, արդյունաբերության ոլորտներում: Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում իրականացվող ծրագրերին և հավելել, որ այս ուղղությունները կառավարության համար ունեն ռազմավարական նշանակություն: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև համագործակցությունը   զբոսաշրջության, այդ թվում` գաստրոտուրիզմի ոլորտում, որտեղ ևս առկա են լայն հնարավորություններ:

Հանդիպմանը վարչապետ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները պատասխանել են գործարարների տարբեր հարցերի, որոնք առնչվել են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարներին: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխշահավետ ծրագրերն ու նախագծերը և իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին