Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի հետևանքով մահերը կրճատվել են 31%-ով, իսկ արյան հիվանդություններից՝ աճել 10%-ով

11 Մայիս, 2022 11:54
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Կորոնավիրուսի հետևանքով մահերը կրճատվել են 31%-ով, իսկ արյան հիվանդություններից՝ աճել 10%-ով

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մահացության ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալներ․

«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պահպանվել է մահացության բարձր ցուցանիշը

«Հերացի» վերլուծական կենտրոնը շարունակում է ուսումնասիրել Վիճակագրական կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող տվյալները, համաձայն որի 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 8707 մահվան դեպք, որը 5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 20%-ով բարձր է 2018-2020 թվականների միջին ցուցանիշից:

Վերլուծությունն ըստ տարածաշրջանների ցույց է տալիս, որ ընթացիկ տարում մահացության աճն եղել է առավել բարձր Լոռու՝ 22%, Գեղարքունիքի 15% և Վայոց ձորի՝ 10% մարզերում: Տավուշում և Սյունիքում արձանագրվել է մահացության անկում 3%-ով, իսկ մայրաքաղաքում այն մնացել է գրեթե անփոփոխ:

Մահացության կառուցվածում, այնպես ինչպես նախորդ տարիներին առաջատար մահվան պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 55%, նորագոյացությունները՝ 15%, շնչառական օրգանների հիվանդությունները՝ 10% և ԿՈՎԻԴ-19՝ 8%:

Միևնույն ժամանակ, եթե 2022 թվկանին ԿՈՎԻԴ-19 հետևանքով մահերը կրճատվել են 31%-ով, ապա արյան շրջանառության համակարգի հիվանդություններից աճել 10%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 33%-ով: Համապատասխանաբար բարձր են նաև մահվան դեպքերը 2018-2020 թվականների միջինի հանդեպ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 19%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 18%-ով:

Եվրոպական Միության երկրներում ևս պահպանվում է ավելցուկային մահացությունը, սակայն այն 23.4%-ից 2021 թվականի դեկտեմբերին կրճատվել է մինչև 7.4% 2022 թվականի փետրվարին (համադրելի է 2021 թվականի փետրվարի տվյալներին՝ 6.1%):

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիներին դրական դինամիկա է ունեցել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%-ով, իսկ 2018-2020 թվականների միջին ցուցանիշի նկատմամբ՝ 7%-ով:

Ցավոք, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների 2022 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է մայրական մահացության 4 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել է՝ 49.4 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:

Բնակչության մահացությունը հանդիսանում է կարևորագույն ժողովրդագրական ցունաշնիշներից մեկը, որի պարբերական մշտադիտարկումը և արդյունքում ապացուցողահեն որոշումների ընդունումը նպաստում են հանրային առողջության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին