Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանն այցելել է «Արզնի մսամթերք» ընկերություն (լուսանկարներ)

10 Մայիս, 2022 15:06
Վահան Քերոբյանն այցելել է «Արզնի մսամթերք» ընկերություն (լուսանկարներ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Արզնի մսամթերք» ՓԲԸ՝ ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Ընկերության սեփականատեր Արմեն Ջանվելյանի և տնօրեն Վահե Փանոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել սպանդանոցում կենդանիների մորթի իրականացման պայմաններին։

Արմեն Ջանվելյանը նախարարին տեղեկացրել է, որ «Արզնի մսամթերք» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին:

Ընկերությունում բուծվում են կաթնատու և մսատու ցեղի շուրջ 1500 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ։

Ընկերության սպանդանոցը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ ստեղծված են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները անասունների մորթը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Սպանդանոցի սարքավորումները ձեռք են բերվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցության ծրագրի շրջանակներում։ Սպանդանոցի արտադրանքի հիմքը կազմում են մսատու Սիմենթալ և Աբերդին-Անգուս ցեղի կենդանիներ։ Սպանդանոցում կազմակերպվում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ և փաթեթավորում։

«Արզնի մսամթերք» ընկերության գործունեությունն ուղղված է ոչ միայն տեղական շուկայի ապահովմանը, այլև արտահանմանը։ Ընկերությունն ունի «հալալ» մորթի արտոնագիր։ Գառան «հալալ» մորթն իրականացվում է Եգիպտոսից հրավիրված հատուկ լիցենզիա ունեցող փորձառու մասնագետի կողմից։ Յուրաքանչյուր կենդանու մսեղիքն անցնում է լաբորատոր փորձաքննություն։ Խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքն իրացվում է տեղական շուկայում, իսկ ոչխարի միսը՝ արտահանվում արաբական երկրներ։ Ընկերությունը 2017 թվականին ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններ հալալ գառան մսի արտահանում կազմակերպելու թույլտվություն, որը գործում է մինչ օրս։ Բանակցություններ են ընթանում դեպի Հորդանան արտահանման թույլտվություն և արտահանում կազմակերպելու համար։

Իր գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունն օգտվել է նաև պետական աջակցության ծրագրերից․ լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք են բերվել մսեղիք տեղափոխող տրանսպորտային միջոցներ։

Կառուցվում են խոր սառեցման և երկարաժամկետ պահպանման սառցարաններ, որոնք հնարավորություն կտան մսամթերքի արտադրությունը համապատասխանեցնել ցանկացած գնորդի պահանջներին, ինչպես նաև արտահանում կազմակերպել դեպի ավելի հեռավոր երկրներ։

Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նախարարին ներկայացրել են մորթի «հալալ» եղանակի առանձնահատկությունները և նշել, որ ոչխարի հերթական խմբաքանակը կարտահանվի Կատար, որտեղ «հալալ» մորթված գառան մսի պահանջարկը շատ մեծ է։ Էկոնոմիկայի նախարարին տեղեկացվել է, որ ընթացիկ տարում սերտ համագործակցություն է ծավալվել սպանդանոցային գործունեությամբ զբաղվող Կատարի խոշոր կազմակերպությունների հետ։ Արմեն Ջանվելյանը հավելել է, որ ընկերության հզորությունները թույլ են տալիս մթերումներ իրականացնել առանց քանակային սահմանափակումների։

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման տեսանկյունից, հաջողություն մաղթել և նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցելու  ընկերության նախաձեռնություններին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին