Կարևոր իրադարձություններ

Զոլաքարի վարչական ղեկավարին ծանր վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ ՔԿ

07 Մայիս, 2022 16:41
Զոլաքարի վարչական ղեկավարին ծանր վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել ծանր վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ 

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով, Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի կողմից հաղորդում է ստացվել՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Երանոս գյուղի մոտ իր համագյուղացու և վերջինիս եղբոր հետ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, մայիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Մարտունի-Սևան ավտոճանապարհի Երանոս բնակավայրի հատվածում մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացնելու նպատակով փակել են ավտոճանապարհը:

Այդ ժամանակ ճանապարհ բացելու պահանջով՝ վիճաբանություն է առաջացել հարազատներին դիմավորելու նպատակով այդ պահին Երևան մեկնող՝ Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի և համագյուղացու միջև, որն ուղեկցվել է ծայրահեղ անպարկեշտ վիրավորանքներով ու հայհոյանքներով: Վեճին միջամտել է նաև հիշյալ համագյուղացու եղբայրը, ով գլխով հարվածել է վարչական ղեկավարի դեմքին՝ պատճառելով «քթոսկրի սալջարդ»:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և ընդունել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են ահնրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին