Կարևոր իրադարձություններ

Պապոյանն ընդգծել է, որ խաղամոլության դեմ պայքարը շարունակական է լինելու

06 Մայիս, 2022 23:00
Պապոյանն ընդգծել է, որ խաղամոլության դեմ պայքարը շարունակական է լինելու

Մեր երկրում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը, եւ անկանխիկ գործառնություններն անխափան, պարզ եւ արագ կատարելու համար պետությունն իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային եւ կրթական գործողություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի պաշտոնական կայքից։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի փոփոխություններով առաջարկում են ընդլայնել խաղային բիզնեսի ոլորտում անկանխիկ վճարումների շրջանակը` տվյալ ոլորտի գործունեության ֆինանսական թափանցիկության բարձրացման եւ արդյունավետ վերահսկողության ապահովման նպատակով:

Օրենքն ուժի մեջ մտնելով` կարգելվի տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո նախատեսվում է դա իրականացնել բացառապես բանկային հաշիվների միջոցով: Նման պահանջ է սահմանվում նաեւ շահումների տրամադրման վերաբերյալ:

Հիմնական զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Գործադիրի առաջարկով օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ առաջարկվող փոփոխությունները բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եւ Կառավարության ծրագրերից:

«Մեզ համար առաջնահերթ է մեր հանրության շահը, որի պաշտպանությանն է ուղղված օրենսդրական փաթեթը»,- ասել է հանձնաժողովի նախագահը եւ հավելել, որ Հայաստանում խաղալը պետք է դառնա դժվար, ոչ գրավիչ:

Նա տեղեկացրել է, որ իրականացնում են ոլորտի վերաբերյալ նաեւ միջազգային փորձի ուսումնասիրություններ` հնարավոր այլ լուծումներ գտնելու ուղղությամբ:  «Պայքարը խաղամոլության դեմ շարունակական է լինելու»,- շեշտադրել է Գեւորգ Պապոյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ Կառավարությունը դրական դիրքորոշում է ներկայացրել նախագծերի փաթեթի վերաբերյալ: Գործադիրը բովանդակային փոփոխություն չի առաջարկել:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովականները քննարկել եւ դրական եզրակացություն են տվել նաեւ Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ որոշման նախագծին:

Քննարկման առարկան ՀՀ հաշվեքննիչ պալատի` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունն է:

Նախագծերի փաթեթն ու հանձնաժողովի որոշման նախագիծը քննարկվել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 6-ի արտահերթ նիստում: 

 

Լրահոս

Դիտել ավելին